Քեյթ Ուինսլեթ. « Դերասանությունը իսկական և ազնիվ լինելու մեջ է»

16:45   5 հոկտեմբերի, 2015

«Օսկար», «Էմմի», երեք «Ոսկե գլոբուս» և նույնքան էլ «Գրեմմի»` սրանք այն մրցանակներն են, որոնց արժանացել է բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը: Տիտանիկի» աստղն այսօր դարձավ 40 տարեկան:

 

Ուինսլեթի էկրանային առաջին փորձը եղավ 12 տարեկանում, երբ նա հայտնվեց «Sugar Puffs» ապրանքանիշի գովազդային հոլովակում:

Բացի իրեն մեծ ճանաչում բերած «Տիտանիկ» ֆիլմից` Քեյթը նկարահանվել է մի շարք այլ հայտնի ֆիլմերում` «Մաքուր բանականության հավերժ փայլատակումը», «Երկնային արարած», «Կախարդական երկիր», «Սեր և ծխախոտներ», «Դիվերգենտ», «Ինսուրգենտ» և այլն:

Քեյթ Ուինսլեթը հանդես է գալիս նաև որպես երգչուհի:

Երբ Ուինսլեթը դարձավ հմայիչ Լեոնարդո ԴիԿապրիոյի խաղընկերուհին, հնչեցին կարծիքներ, թե փարթամ մարմնով այդ դերասանուհին այդքան էլ չի նայվում հոլիվուդյան սրտակերի կողքին: Ինքը` Քեյթը, երբեք ուշադրություն չի դարձրել իր արտաքինի մասին հնչող կարծիքներին: «Պլաստիկ վիրահատությունն ու իմպլանտները լավ են այն մարդկանց համար, ովքեր դրանց կարիքն, իսկապես, ունեն, և եթե դա իրոք իրենց օգնում է ավեի լավ զգալ…Բայց երբ դերասաններն են դիմում նման միջամտությունների, նրանք ամբողջ աշխարհի համար դառնում են երևակայելի մարմիններ: Իսկ դերասանությունը, ընդհակառակը, իսկական և ազնիվ լինելու մեջ է: Ավելի լավ է ինձ ճանաչեն որպես գիրուկ Քեյթ, քան թե որպես բարակ փայտիկ»,-ասել է դերասանուհին:

Քեյթն ամուսնացած է միլիոնատեր Նեդ Ռոքնռոլի հետ: Դերասանուհին 3 երեխաների մայր է և իրեն համարում է ընտանիքի մարդ. «Իրական շքեղությունը ժամանակ գտնելն ու երեխաներիդ համար տարբեր պատմություններ ընթերցելն է: Ես միշտ գտնում եմ այդ ժամանակը, ես օրհնված մարդ եմ»,-ասել է նա:

40-ամյա դերասանուհու ստեղծագործական ուղին դեռևս առջևում է, սակայն այս տարիների ընթացքում Քեյթն արդեն հասցրել է  կայանալ որպես դերասանուհի, դիմակայել չար լեզուների խոսակցություններին, չկոտրվել ու նայել առաջ:

Ուինսլեթը համոզված է. «Եթե մի օր այնպես ստացվի, որ ես փոխվեմ, իմ կյանքն ու փորձը ինձ կդարձնեն ավելի իմաստուն և դիմացկուն»:

 Որպես վերջաբան` առաջարկում ենք դիտել Քեյթին և Լեոյին մեծ ճանաչում բերած «Տիտանիկ» ֆիլմի նկարահանման աշխատանքներից հատվածներ:

 

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE