Վահե Թիլբյանը` «Եվրատեսիլ 2016»-ին իր մասնակցության եւ ամուսնության վերաբերյալ խոսակցությունների մասին. NEWS.am STYLE Exclusive

21:06   5 հոկտեմբերի, 2015

Վահե Թիլբյանի Հայաստան կատարած այցելությունը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Արդյո՞ք երգիչն այստեղ է կրկին  «Եվրատեսիլին» մասնակցելու, թե՞ ամուսնանալու նպատակով: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ հարցազրույց ունեցավ Վահեի հետ:

-Վահե, ասում են` այստեղ եք, որպեսզի կրկին մասնակցեք «Եվրատեսիլին»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները:

 

-Ոչ, իսկապես, այս տարի «Եվրատեսիլ» մեկնելու նպատակ չկա: Այս խոսակցությունները եղան այն պատճառով, որ այստեղ եմ մեր այս տարվա ներկայացուցչին բացահայտելու շրջանում: Այստեղ եկել եմ երաժշտական ծրագրեր իրականացնելու համար, ունեմ երաժիշտ ընկերներ և կան շատերը, ում հետ կցանկանայի կապ հաստատել: Եվ, իհարկե, ցանկանում եմ ևս մեկ անգամ Հայաստանը տեսնել: Մանավանդ «Եվրատեսիլից» հետո որոշել եմ գոնե տարին մեկ անգամ գամ այստեղ: Նույնիսկ, Հայաստան տեղափոխվելու միտք կա…

-Իսկ, առհասարակ, կա՞ ցանկություն ևս մեկ անգամ «Եվրատեսիլում» ներկայանալու:

-Այո, ես նման ցանկություն ունեմ: Ես միշտ էլ սիրել եմ «Եվրատեսիլը», փոքրուց դիտել եմ: Ուղիղ հեռարձակմամբ չէինք կարող դիտել, քանի որ Եթովպիայում այն չի հեռարձակվում, բայց ձայնագրված տարբերակով միշտ դիտել եմ: Կցանկանայի կրկին ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում:

 

-Վահե, ի՞նչ տվեց Ձեզ «Եվրատեսիլին» մասնակցությունը:

-Նախ` դա ինձ համար մեծ նվեր էր, երկրորդ` շատ բաներ սովորեցի, երկար ժամանակ մնացի Հայաստանում: Այստեղ ձայնագրեցինք երգն ու նկարահանեցինք տեսահոլովակը: Այն, որ մոտ մեկ ամիս մնացի Հայաստանում, ինձ համար շատ կարևոր էր: Սփյուռքում բնակվող հայի համար այդ զգացումը շատ խորն է: Եվ երրորդ` ես, չունենալով երաժշտական կրթություն, շատ բաներ սովորեցի այդ ընթացքում:

 

-Ինչպե՞ս կգնահատեք Genealogy-ի ելույթը մրցույթում:

-Մենք շատ լավ ելույթ ունեցանք: Բոլորս էլ շատ ուրախ էինք և հուզված: 16-րդ հորիզոնականը զբաղեցրինք, բայց ավելի բարձր հորիզոնական էինք ակնկալում: Բայց դա էլ` ոչինչ…Ես սպասում էի, որ պետք է լինենք առաջին տասնյակի մեջ:

-Իսկ կապ կա՞ Genealogy-ի մյուս անդամների հետ:

-Այո, մանավանդ, սոցիալական ցանցերի միջոցով հաճախ ենք շփվում միմյանց հետ: Հատկապես, Թամարի և Ստեֆանիի հետ հեռախոսով էլ ենք շփվում:       Երբեմն, նույնիսկ, երաժշտական թեմաներով չենք զրուցում, շփվում ենք մեր ընկերությունը պահպանելու համար: Չէի սպասում, որ այդքան կարճ ժամանակահատվածում այդպես կմտերմանայինք:

-Կհիշե՞ք որևէ հետաքրքիր դեպք, որը Ձեզ հետ պատահել է «Եվրատեսիլի» ընթացքում:

-Շատ դեպքեր կան…Մանավանդ, երբ հյուրանոցից ինչ-որ տեղ էինք գնում… Փորձերի ժամանակ էլ շատ էինք ծիծաղում: Այդ պահերը միշտ կարոտում եմ: Ոչ միայն եզրափակիչ համերգն էր հիշարժան, այլև այդ ամբողջ ընթացքը: Իսկապես, լավ ժամանակ ենք անցկացրել, հատկապես, երբ բեմից տեսնում էինք հայկական դրոշները…

-Հոկտեմբերի 13-ին արդեն պաշտոնապես կհայտարարվի, թե ով է այս տարի Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլին»: Ֆավորիտների թվում են` Իվետա Մուկուչյանը, Աթենա Մանուկյանը, Սիրուշոն և Աստղիկ Սաֆարյանը: Հետաքրքիր է` Դուք ո՞ւմ կցանկանայիք տեսնել` որպես այս տարվա Հայաստանի ներկայացուցիչ:

-Իհարկե, ես Սիրուշոյի շատ մեծ երկրպագուն եմ: Կնախընտրեի, որ նա գնար…Բայց մյուս կողմից էլ կարևոր է, որ նոր արտիստներից մեկը գնա, որպեսզի Եվրոպային և աշխարհին ցույց տանք, որ այլ տաղանդավոր մասնակիցներ էլ ունենք: Ասում են` այս տարվա մեր ներկայացուցիչը իգական սեռի է: Վստահ եմ, որ տաղանդավոր երգչուհի է մեկնելու…

 

-Խոսակցություններ կան, թե այստեղ եք գտնվում ամուսնության նպատակով: Կա՞ որևէ հայուհի, ո՞ւմ հաջողվել է գրավել Ձեր սիրտը:

-Չեմ կարող ասել` այո, կամ ոչ… Կա նման հայուհի, բայց դեռ ամուսնության մասին վաղ է մտածելը:

-Եվ վերջում, կցանկանայինք իմանալ` ի՞նչ խորհրդով կկիսվեիք մեր այս տարվա մասնակցի հետ:

-Շատ կարևոր է կեղծավոր չլինելը: Պետք է այս գործին նվիրվել ամբողջ սրտով և հոգով: Ուրախ եմ, որ ինձ ասում են, որ բոլորի հետ անկեղծ եմ: Ես այդպիսին եմ` եթե լավ չեմ զգում, ասում եմ, եթե ուրախ եմ, այդ մասին էլ եմ ասում: Կարծում եմ` երգիչ-երգչուհիները պետք է այդպիսին լինեն, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց: Հպարտ պետք է լինես քո ինքնությամբ:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի և Մելինե Տոնոյանի

Նկարահանումն իրականացվել է «Տապաստանում»



© NEWS.am STYLE