Երկու ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, 3 լողասենյակ՝ ջակուզիով ու արեւադարձային ցնցուղով. Ալլա Պուգաչովան՝ «Նոր ալիքում»

13:15   6 հոկտեմբերի, 2015

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը: Մինչ մասնակիցները հանգստանում են ու պատրաստվում մրցութային երրորդ օրվան, ռուսական Super պորտալի լրագրողները պարզել են, թե որտեղ ու ինչպես է ապրում փառատոնի հյուր եւ մուսա Ալլա Պուգաչովան: 

Պրիմադոննան իջեւանել է Սոչիի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի 14-րդ հարկում ՝ նախագահական համարում, որտեղ մեկ օրվա հանգիստը 700 դոլար արժե:

Դեպի ծով բացվող հիասքանչ տեսարան, երկու ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, երեք լողասենյակ՝ ջակուզիով ու արեւադարձային ցնցուղով, նաեւ հանդերձասենյակ. այս ամենը գտնվում է Պուգաչովայի համարում, որի ընդհանուր մակերեսը 175 քառակուսի մետր է:

Որպես բոնուս էստրադայի թագուհուն առաջարկել են նրա սենյակին կից գտնվող լաունժ գոտու շուրջօրյա հաճախումներ: Մի հարկ վերեւ սպա սրահ է, որտեղ աստղը երբեմն սիրում է ժամանակ անցկացնել, վայելելով գեղեցկության աշխարհի բոլոր հնարավոր պրոցեդուրաները:

Երգչուհու ճաշացանկը կազմում են հյուրանոցի լավագույն խոհարարները: Այն ներառում է խորոված բանջարեղեն, տավարի փափուկ միս, «Ցեզար» աղցան՝ ծովախեցգետիններով, հատիկավոր կաթնաշոռ, պելմենի ՝ հորթի մսից, կանաչ աղցան, բանջարեղենային ապուր, հաց, թագավորական ծովախեցգետին, տար-տար՝ տավարի մսից, ռավիոլի, կուսկուս, ծովամթերային տրիո, հատապտղային գասպաչո, խմորեղեն, աղանդեր, թեյ:

Սոչիում Ալլա Պուգաչովան ժամանակի մեծ մասն անց է կացնում մենակ: Մաքսիմ Գալկինին սեւծովյան ափին դեռ չեն տեսել: Իսկ երեկոյան իր օգնականների շքախմբի հետ Ալլա Պուգաչովան ուղեւորվում է «Նոր ալիքի» համերգասրահ, որտեղ ամեն երեկո զարմացնում է հանդիսականին իր նոր հանդերձանքով:

Պուգաչովան արհամարհում է նաեւ մրցույթի աղմկոտ հավաքույթները ՝ նախընտրելով խաղաղ երեկոներ անցկացնել հյուրանոցում եւ իր պատշգամբից հիանալ Սոչիի մայրամուտով:



© NEWS.am STYLE