Ալ Պաչինո. «Ես արտիստ եմ: Հուսով եմ, որ այդպես է»

20:17   6 հոկտեմբերի, 2015

Եթե կա մի բան, որի համար զղջում է Ալ Պաչինոն, «Աստղային պատերազմեր» ֆիլմում նկարահանվելու առաջարկը մերժելն է: Այս մասին դերասանը պատմել է ամերիկյան «The Talks» օնլայն պարբերականին: Հարցազրույցի ընթացքում դերասանը նաև խոսել է իր ձեռքբերումների, «թոշակի գնալու», կենսափորձի և մի շարք այլ թեմաների մասին:

-Պրն. Պաչինո, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր ձեռքբերումներին:

-Չգիտեմ.... ես չեմ մտածել դրա շուրջ: Դու չես կարող մտածել ձեռքբերումների մասին: Պետք է մտածել խաղացած դերերի և ֆիլմերի մասին: Օրինակ, պատկերացրեք, որ մի դերասանի ասի. «Չեմ ցանկանում էլ շարունակել այս ուղին, քանի որ նախորդ ֆիլմս ավելի լավն էր, քան նորը»: Պետք չէ սահմանափակվել մրցանակներով: Գիտե՞ք` դրանից հետո միգուցե սկսես հանգստանալ, նոր մասնագիտությամբ աշխատել, բայց չգիտեմ` ինչու ես ցանկանում եմ շարունակել այն, ինչ սկսել եմ:

 

-Ցանկանում եք ինչ-որ նոր բա՞ն սկսել:

-Եթե գտնեմ մի բան, ինչից իրոք գլուխ կհանեմ և կզգամ, որ ամբողջությամբ տրվում եմ այդ գործին, կանեմ: Եթե ես զգամ, որ դա ինձ կօգնի արտահայտելու իմ տաղանդը, ցուցադրելու  մարդկային որևիցե արժեք  ֆիլմում, ապա ես կտրվեմ այդ գործին: Չեմ ուզում ասել, թե «թոշակի եմ գնում»: Արտիստի համար, դա խորթ արտահայտություն է…

-Արվեստագետ Քրիստոն ասում է, որ արտիստները թոշակի չեն գնում, նրանք, պարզապես, մահանում են…

-Այնումենայնիվ, կան արտիստներ, որոնք գնացել են թոշակի, օրինակ, Ֆիլիպ Ռոթը: Ես նրա գրքերից մեկի հիման վրա ֆիլմ եմ նկարել: Նա զուսպ գրելաոճ ունի և շատ երջանիկ մարդ է: Ես ինչ-որ տեղ հասկանում եմ նրան: Մենք այնքան խիտ գրաֆիկ ենք ունենում: Սկզբում ստանում ենք սցենարը, հետո կարդում ենք այն, այնուհետև` սովորում… և այսպես անընհատ…Ու սկսում ես այլ բան փնտրել քեզ համար: Ինչպես, օրինակ, ռեժիսորները, որոնք դերասաններին են օգտագործում իրենց ֆիլմերում:

 

-Բայց համոզված ենք` բոլոր ռեժիսորներն էլ ցանկանում են Ձեզ հետ աշխատել:

-Մինչև «Կնքահայրը» ֆիլմը, ինձ հետ ոչ-ոք էլ չէր ցանկանում աշխատել; Բայց Ֆրանսիս Ֆորդը ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու: Ես չէի հասկանում, թե ինչու էր նա ցանկանում ինձ նկարահանել իր ֆիլմում…Դրանից առաջ, ոչ-ոք չէր ցանկանում ինձ դեր տալ…Իսկ երբ մի ռեժիսոր համաձայնվում է քեզ հետ համագործակցել, էլ չես ցանկանում նահանջել…Պետք է ռիսկի դիմես և այլևս երբեք չհանձնվես, առաջ քայլես:

-Երբևէ զղջացե՞լ եք որևէ ֆիլմում նկարահանվելու համար:

-Ես ոչ մի բանի համար երբեք չեմ զղջում: Ես, պարզապես,  համարում եմ, որ այսինչ բանը սխալ եմ արել: Եղել է, որ վատ ֆիլմում եմ նկարահանվել, չեմ հասկացել իմ հերոսին… բայց ինչ էլ, որ անում ենք, դա արդեն մեր կյանքի մի մասն է դառնում: Եվ այդ ամենից մենք դաս ենք քաղում: Այսպիսով` ոչնչի համար չեմ զղջում:

-Անգամ այն, որ մերժել եք «Աստղային պատերազմներում» նկարահանվելու առաջա՞րկը:

-«Աստղային պատերազմներ»… Այո, այ դա, իսկապես, իմ մեծագույն սխալն էր…

 

-Կարելի է՞ ենթադրել, որ այսօր Դուք այլ կերպ եք վերաբերվում նկարահանւմներին:

-Այո, պատկերացրեք` այդպես է: Մենք աննկատ ապրում ենք մեր կյանքը, իսկ տարիքն իրենը ասում է…Մի օր մենք մի տեղում ենք, մյուս օրը` այլ…Երբեք հստակ չենք իմանում, թե ինչ ուղղությամբ ենք գնում:

-Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր կյանքի այս փուլը:

-Գիտե՞ք` լինում են օրեր, որ, իսկապես, հաճույք եմ ստանում իմ այսօրվա կյանքից, լինում են օրեր, որ ոչ…Եթե ես նկարիչ լինեի, ոչ-ոք ինձ չէր հարցնի իմ տարիքի մասին: Կասեի. «Ես նկարում եմ, ես նկարիչ եմ, և դա է կարևորը»…Այսպես ասեմ` ինձ թվում է` ես արտիստ եմ, հուսով եմ, որ այդպես է…Բայց, ամեն դեպքում կարծում եմ, եթե նկարիչ լինեի, այլ կերպ կպատասխանեի:

-Բայց բոլոր դերասաններն էլ առնչվում են այդ խնդրի հետ…

-Պատճառն այն է, որ մեզ համար կարևոր է մեր արտաքինը, մեր իմիջը: Անգամ եթե տարբեր հերոսների ենք կերտում, մեր իմիջը պետք է պահպանենք: Ամեն դեպքում` դու կինոաստղ ես…Չնայած` դա էլ է սխալ…Մի խոսքով` ես կինոաստղ եմ… Ինչե՞ր եք ինձ հարցնում…

 

Հարցազրույցը` The Talks

Պատրաստեց` Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE