Իմ արվեստն իմ հայրենիքն է. Վահան Արծրունին հանդես կգա հինգ համերգային նախագծով

15:57   6 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ստեղծագործող և կատարող Վահան Արծրունին հանդես կգա «Հինգ համերգային նախագիծ 2015» համերգաշարով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արծրունին խոսեց նախագծի և համերգաշարում ներառված ծրագրերի մասին:

«Յուրաքանչյուր արվեստագետի համար գոյություն ունեն կլոր տարեթվեր: Իմ դեպքում խոսքը գնում է ծննդյանս 50 և բեմական գործունեության 30-ամյակի մասին: Այսպես` որոշեցի վաղուց իմ մեջ առաջացած այս համերգաշարի գաղափարը կյանքի կոչել»,-նշեց երաժիշտը` ընդգծելով, որ համերգների ընթացքում ներկայացնելու է այն արվեստը, որին հավատարիմ է եղել այս 30 տարիների ընթացքում:

 

«Իմ արվեստը եղել է իմ հայրենիքը, որտեղ կարողացել եմ ինքնադրսևորվել: Սա մի ընթացք է եղել, որում ունեցել եմ թե՛ դժվարություններ, թե՛ հաջողություններ, բայց բացի դրական ապրումներից, ուրիշ ոչինիչ չեմ զգացել»,-ասում է Արծրունին և շեշտում. «Այս հինգ համերգային ծրագրերը ցանկանում եմ ներկայացնել` իբրև ստեղծագործական հաշվետվություն: Համերգներից յուրքանչյուրը ներկայացնելու է որոշակի ժանր և չի կրկնվելու, իսկ գալահամերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, որի ընթացքում արդեն կամփոփենք այդ հինգ համերգները »:

 

Արծրունին նշեց, որ համերգների ընթացքում կհնչեն և՛ արդեն հայտնի ու սիրված ստեղծագործություններ, և՛ նոր կատարումներ:

Խոսելով մեծ բեմի և ակումբային համերգների տարբերության մասին` երաժիշտն ասաց. «Բեմն այլ տեսակ է… հանդիսատեսի հետ շփումն այլ է, դու բեմի վրա ես կանգնած, հանդիսատեսը նստած հետևում է քեզ, ակումբում ավելի անմիջական է հանդիսատեսի հետ շփումը: Ես ոչ կհամեմատեի այս երկու հարթությունները, ոչ էլ կառանձնացնեի միմյանցից»:

 

Անդրադառնալով իր հանդեսին` Արծրունին նշեց. «Եթե առաջ իմ հանդիսատեսի շարքում միայն իմ հասակակիցներն էին, ապա այսօր ուրախ եմ, որ համերգներիս գալիս են տարբեր տարիքային խմբի մարդիկ` սկսած 14 տարեկանից»:

Վահան Արծրունին նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում հովանու ներքո էլ իրականացվում է այս նախագիծը:

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվելու երաժիշտի համերգներին, տեղեկացնենք, որ դրանք անցկացվելու են հետևյալ օրերին`

Հոկտեմբերի 11-ին` ժ. 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն:

Հոկտեմբերի 28-ին` ժ. 19:00, Առնո Բաբաջյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահ:

Նոյեմբերի 9-ին` ժ. 19:00, Հ.Թումանյանի անվան ԵՊՏԹ

Նոյեմբերի 30-ին` ժ. 19:00, Հ.Թումանյանի անվան ԵՊՏԹ

Դեկտեմբերի 25-ին` ժ. 19:00, Արամ Խաչատրյանի անվան Մեծ ֆիլհարմոնիկ համերգասրահ:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE