Ջոն Լենոն. Լեգենդար երաժիշտն այսօր կդառնար 75 տարեկան

10:41   9 հոկտեմբերի, 2015

Ճիշտ են ասում, որ կան երաժիշտներ, որոնք անմահ են: Նրանցից մեկը բրիտանացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ, հանրահայտ The Beatles խմբի համահիմնադիր և անդամ Ջոն Լենոնն է:

 

Նա պատկերացրեց, թե ինչ կլիներ, եթե չլիներ երկինքը, եթե մարդիկ ապրեին մեկ օրով, եթե չլինեին պետություններ, և մարդիկ ապրեին խաղաղության համար… նրա պատկերացումներն օգնեցին ստեղծել աշխարհի ամենակախարդական ու բարի երգերից մեկը` «Imagine»-ը: Այն ճանաչվել է բոլոր ժամանակների և ազգերի լավագույն երգը:

Ջոն Լենոնն այսօր կդառնար 75 տարեկան, սակայն 1980 թ-ին տեղի ունեցած ողբերգական սպանությունը  ֆիզիկապես խլեց երաժիշտի կյանքը: Սպանության օրը` դեկտեմբերի 8-ին, Ջոնն ու կինը` Յոկո Օնոն, մասնակցում էին «Rolling Stone» ամսագրի ֆոտոշարքին: Այդ նկարահանումից 5 ժամ անց տեղի ունեցավ երաժիշտի սպանությունը: Ամսագրի շապիկի լուսանկարը հանրությանը ներկայացվեց 1981 թ-ին, իսկ այսօր տվյալ լուսանկարը գտնվում է «Swann Auction Galleries»-ի ցուցասրահում:

 

Լենոնին սպանել է Մարկ Դևիդ Չեպմեն անունով երկրպագուն: Սպանության օրը նա նույնիսկ ստորագրություն է վերցրել Լենոնից: Չեպմենը Ջոնի մեջքին 5 անգամ կրակել է: Երաժիշտը մահացել է արյունահոսությունից: Այսօր Չեպմենը կրում է իր պատիժը Նյու Յորքի կալանավայրերից մեկում:

 

The Beatles խումբը Լենոնը հիմնել է Փոլ ՄքՔարթնիի, Ջորջ Հարրիսոնի և Ռինգո Սթարի հետ: Նրանք հայտնի դարձան որպես «Լիվերպուլյան քառյակ»:

 

Երաժիշտը խմբի  վատագույն երգերն էր համարում «Run For Your Life»-ն ու «It’s Only Love»ը:

Մինչ օրս էլ Ջոն Լենոնն այնքան սիրված է, որ նրա ինքնանկարը վաճառվել է 5 միլիոն դոլարով, իսկ նրա կողմից արված մյուս բոլոր նկարներից յուրաքանչյուրը` 3 միլիոն դոլարով:

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE