Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան

14:05   10 հոկտեմբերի, 2015

Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Միկան (Միքայել Վարոսյան) ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով:

Մրցութային ՛՛LOVE՛՛ երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո եւ երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: 

Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատորն է Կարեն Ստեփանյանը, իսկ ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:
Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:



© NEWS.am STYLE