Ամաչում եմ ներկայացնել մի երկիր, որը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. Հայաստանում է Դանիայի «ՄիդՎեստ» երգչախումբը

14:32   10 հոկտեմբերի, 2015

Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում է գտնվում Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Համերգային ծրագիրը նվիրված է դանիացի մարդասերներ` Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին, որոնք 1915 թ-ին փրկեցին հազարովոր հայ երեխաների:

Համերգի առիթով այսօր կայացավ ասուլիս, որին մասնակցում էին «ՄիդՎեստ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Դորթե Բիլը, երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենը և «Հայ փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստկան ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

 

«Հայաստանում համերգային շրջագայություն կազմակերպելու առաջարկությունը եղավ Դանիայում ՀՀ դեսպանի կողմից: Մենք էլ արձագանքեցինք այդ առաջարկին, որովհետև «ՄիդՎեստ»-ը շատ լավ երգչախումբ է»,-նշեց Տիգրան Հեքեքյանը` ավելացնելով, որ համերգը կրելու է բարեգործական բնույթ: Համերգային շրջագայությունց ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Բերդի երաժշտական դպրոցի երգչախմբին:

Հայաստանում գտնվելու կապակցությամբ ոգևորված էին Դանիայից ժամանած հյուրերը. «Երևանում գտնվելը նման է երազի. Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք: Անհամբերությամբ սպասում ենք համերգային այս մեկ շաբաթին»,-ասաց Դոնթե Բիլը:

Խոսլով համերգային ծրագրի մասին` Բիլը նշեց. ««ՄիդՎեստ» -ը երգում է տարբեր ժանրերում, այնպես որ` համերգները ևս բազմաժանր են լինելու: Կատարելու ենք նաև հայկական «Նուբար-նուբար» երգը: Անշուշտ, դանիացի աղջիկների համար այս ստեղծագործությունը բարդ է, բաց նաև գեղեցիկ: Հուսով ենք` կկարողանանք հուզել հայ հանդիսատեսին»:

Դանիայի թագավորությունը այն երկրներից է, որը դեռևս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Անդրադառնալով այդ թեմային` Մարտին Օլսենն ասաց. «Անձամբ ես ամաչում եմ ներկայացնել մի երկիր, որը չի ընդունել ցեղասպանությունը: Հույս ունեմ` կկարողանանք ներկայացնել այս իրականության հակապատկերը: Այն սահմանները, որոնք փակված են քաղաքական գործիչների կողմից, պետք է բացվեն մշակութային ներկայացուցիչների շնորհիվ»:

 

Ըստ Հեքեքյանի` համերգը կարևոր է նաև նրանով, որ Հայաստանում ևս շատերը կիմանան դանիացի մարդասերներ Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի մասին, իսկ Դոնթե Բիլը շեշտեց. «Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա, մենք սիրով «Հայ փոքրիկ երգիչներ»-ին կհրավիրենք Դանիա»:

Դանիական «ՄիդՎեստ» երգչախումբի համերգային շրջագայությունը սկսվելու է վաղվանից: Երգչախումբը համերգներով հանդես է գալու Երևանում,Վանաձորում, Գյումրիում, Դիլիջանում, Բերդում և Ծաղկունքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE