Տաղանդներ ենք փնտրում. Լուսինե Ղազարյանի ձեռքերում մատիտը հրաշքներ է գործում

18:16   13 հոկտեմբերի, 2015

Նայելով նկարչուհի Լուսինե Ղազարյանի աշխատանքներին` դժվար է հավատալ, որ այն, ինչ տեսնում ենք, նկարված է հասարակ մատիտով:

«Մեկ ու կես տարի է, ինչ նկարում եմ: Նկարում եմ միայն հասարակ մատիտներով, և ոչ մի նկարումս օգտագործված չէ համակարգչային որևիցե ծրագիր»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց տաղանդավոր նկարչուհին, որն, ի դեպ, մասնագիտությամբ մենեջեր է:

Լուսինեն մեզ տեղեկացրեց, որ ընտանիքում չկան նկարիչներ, որոնցից կարող էր ժառանգած լինել տվյալ տաղանդը, բայց հենց ընտանիքի անդամներն են իրեն ոգեշնչում աշխատանքի ընթացքում:

Նկարչուհին, որը հիմնականում դիմանկարներ է անուն, ասում է. «Կոնկրետ ոճ չունեմ, քանի որ արվեստի ցանկացած ոճ յուրովի եմ գնահատում: Աշխատանքներումս գերակշռում են դիմանկարները, բայց շուտով կներկայանամ ցուցահանդեսով, որտեղ մարդիկ կկարողանան տեսնել իմ` այլ ոճի աշխատանքները»:

Լուսինեի նկարների մեջ նկատեցինք նաև հայ հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանի և Նազենի Հովհաննիսյանի դիմանկարները: Հարցին, թե ինչպիսի արձագանքների է արժանացել նրանց կողմից, նկարչուհին պատասխանեց. «Այո, ճիշտ եք` արել եմ նաև նրանց դիմանկարները և նրանց կողմից դրական խոսքերի եմ արժանացել»:

Երիտասարդ նկարչուհուց հետաքրքրվեցինք նաև, թե ինչ երազանքներ ունի ապագայի հետ կապված, ինչին Լուսինեն պատասխանեց հետևյալ կերպ. «Երազանքնե՞ր…Ես ավելի ռեալիստ եմ… Հուսով եմ` իմ արվեստով կկարողանամ դրական լիցքեր հաղորդել մարդկանց»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE