Հայկական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է. Սեդրակ Մամուլյան

13:23   20 հոկտեմբերի, 2015

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ, հատկապես, վերջին շրջանում մեր խոհանոցի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է»,-խոհարարի միջազգային օրվա առթիվ հրավիրված այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

 

Սեդրակ Մամուլյանն ընդգծեց, որ իրենց կազմակերպության նպատակը հայկական ազգային խոհանոցի վերածնունդն իրականացնելն ու այն համաշխարհային մասշտաբով ներկայացնելն է:  

 

«Աշխատանքներ ենք տանում, որպեսզի վերականգնենք մեր ավանդական խոհանոցի ուտեստները: Նպատակ ունենք բազում երկրներում ներկայացնել մեր խոհանոցը: Նոյեմբերի 16-ին Մոսկվայում կներկայացնենք Անիի խոհանոցը»,-ասաց Մամուլյանը` շեշտելով, որ հայկական խոհանոցն արտերկրում, բավականին, դրական արձագանքների է արժանանում:

 

Խոսելով մեր խոհանոցի պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքների մասին` Մամուլյանը նշեց, որ լավ կլիներ, եթե մեր երկրում հայտնի մարդիկ և շոու-բիզնեսի ներկայացուցիչները հարցին, թե որ երկրի խոհանոցն են նախընտրում, նշեն հայկական խոհանոցի ուտեստները. «Մյուս բոլոր երկրների մշակութային ներկայացուցիչները հենց այդպես էլ անում են` հանրահռչակելով իրենց ազգային խոհանոցը»,-ասաց նա:

 

Մամուլյանը նաև նշեց, որ իրենց կազմակերպությունը համագործակցում է թե՛ Երևանի, թե՛ մարզերի ուսումնական կենտրոնների հետ. «Շատ լավ ուսանողներ և խոհարարներ ունենք: Խնդիրը խոհարարական ձեռնարկների մեջ է, որտեղ հիմնականում ներկայացված են այլ ազգերի ուտեստներ»,-կարծում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահը:

 

2004 թ-ից հոկտեմբերի 20-ը հռչակվեց խոհարարի միջազգային օր, իսկ հունիսի 12-ը նշվում է որպես հայ խոհարարի օր:

 

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE