Նորաձեւության փորձագետ Վարդուհի Ավանեսյանը՝ Balmain-ի հանդերձանքով Քենդալ Ջենների կերպարների մասին

12:31   23 հոկտեմբերի, 2015

Մենք մի քանի օր առաջ գրել ենք Նյու Յորքում Balmain x H&M-ի շոու ցուցադրության մասին, որին մասնակցել էին Քենդալ Ջենները, Քայլի Ջենները, Ջիջի Հադիդը եւ այլ աստղեր:

Քենդալը ցուցադրության ամենապահանջված աստղերից մեկն էր. Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը մի քանի անգամ անցել է պոդիումով Օլիվյե Ռուսթենի ստեղծած հագուստներով:

Մենք ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել դիզայների ստեղծած երկու զգեստի վրա, որոնցով ներկայացել էր Քենդալը:

Եվ այսպես, NEWS.am STYLE –ը սկսում է նոր շարք ՝ «Նորաձեւության փորձագետի տեսակետ» խորագրով ու այսօր ձեզ ենք ներկայացնում Hayk Avanesyan Նորաձեւության տան տնօրեն Վարդուհի Ավանեսյանի վերլուծությունը:

«Քենդալ Ջեններն աշխարհի ամենահայտնի ու ամենապահանջված երիտասարդ մոդելներից մեկն է: Նա գեղեցիկ ու ազնվարյուն դիմագծեր ունի: Balmain for H&M նորաձեւության ցուցադրության ժամանակ Քենդալի ցուցադրած երկու կերպարներից ինձ ավելի շատ առաջինը դուր եկավ, որում Քենդալը սեւ բլուզով էր՝ ասեղնագործած փայլուն թելերով, ուլունքներով ու մարգարիտներով: Եվ լայն սեւ տաբատ՝ սեւ-ոսկեգույն գոտիով, որն ընդգծում էր նրա իրանը:

Իսկ երկրորդ կերպարում նա նույնպես սեւ լայն տաբատով էր եւ ավելի զուսպ երանգներով բլուզով: Երկու կոստյումներն էլ զարդարված էին խոշոր աքսեսուարներով՝ պարանոցին ու ձեռքերին: Քենդալի հագուստում, ինչպես նաեւ հավաքածուի բոլոր մյուս մոդելներում, ֆրանսիական շքեղությունը, ճոխությունը, զգայականությունը, թեթեւությունը հոյակապ համադրված էին ժամանակակից փոփ մշակույթի, շոու բիզնեսի ու դրայվի հետ: Այսինքն՝ բարձրաոճ նորաձեւությունը համադրված է փողոցային նորաձեւության հետ, լյուքսը մասս- մարկետի հետ: Վստահ եմ, որ H&M բրենդի համագործակցությունը Balmain նորաձեւության ֆրանսիական տան հետ հաջողվել է»:



© NEWS.am STYLE