Հնդկաստանը` հայի աչքերով. Աշխեն Խաչատրյանը` Հնդկաստանին հարմարվելու դժվարությունների մասին

23:34   26 հոկտեմբերի, 2015

«Հնդկաստանը եղել է երազանք՝  լինել այնտեղ և տեսնել Թաջ Մահալը: Դրա համար էլ սկսել էի սովորել հնդկերեն»,-ասում է մասնագիտությամբ տնտեսագետ Աշխեն Խաչատրյանը, որն առաջին անգամ իր երազանքն իրականացրել է 2012 թ-ին` ներկայացնելով Հայաստանը Հնդկական  կառավարական ITEC / Indian Technical & Economic Cooperation/՝ հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում:

Հնդկաստանի հանդեպ սերը Աշխենի համար դարձավ ճակատագրական: Նա Հայաստանում հանդիպեց իր երկրորդ կեսին` Հնդկաստանի քաղաքացի Կապիլան Ստիֆեն Ջեսուդիանին, որի հետ անցած տարի կազմեցին ընտանիք և տեղափոխվեցին Մադրաս:

Աշխենը նաև բլոգ է վարում, որտեղ գրառումներ է կատարում այն մասին, թե ինչպիսին է Հնդկաստանը հայի աչքերով:

Հնդկաստանի ավանդույթների, դրանց հարմարվելու, հայերի և հնդիկների նմանությունների և տարբերությունների մասին Աշխենը պատմեց NEWS.am STYLE-ին:

-Աշխեն, ինչպե՞ս է անցել ձեր հարսանիքը` հայկական, թե՞ հնդկական ավանդույթներով:

-Ամուսնուս ծնողների  մեծ ցանկությունն է եղել հարսանիքը կազմակերպել Հայաստանում: Նրանք ցանկանում էին տեսնել Արարատ լեռն ու այդ պատճառով էր, որ  ցանկանում էինք ամուսնանալ Խոր Վիրապի վանքում, որ ավելի մոտ լինեինք Արարատ լեռանը: Սակայն այնտեղ մեր որոշած օրվա բոլոր ժամերն արդեն զբաղված էին ու մենք ամուսնացանք Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Իմ ուսանողական տարիներին դասերից հետո հաճախ էի գնում այս եկեղեցին՝ նստում, աղոթում: Մի օր աղոթքիս մեջ խնդրեցի Աստծուն, որ իմ հարսանիքն էլ լինի այստեղ: Խնդրանքս իրականացավ 2014 թվականին:

Հնդկաստանում էլ կազմակերպեցինք հարսանեկան երեկույթ՝ այստեղի մեր հարազատների ու ընկերների համար, որոնք չէին կարողացել գալ Հայաստան: Այդ ժամանակ ես կրել եմ հնդկական ազգային հարսի շոր` իհարկե այն ենթարկելով  որոշակի փոփոխության:

Հնդկական հարսանիքների ժամանակ, հատկապես, Հարավային Հնդկաստանում  երաժշտություն չի լինում,  սակայն այստեղ մեր երեկույթի ժամանակ հայերով  պարել ենք քոչարի: Նույնիսկ մեր հյուրերից մեզ միացան:

-Հե՞շտ եք հարմարվել Հնդկաստանի ավանդույթներին:

-Հնդկաստանի ավանդույթներին հարմարվելը շատ անհատական է: Դա պայմանավորված է տվյալ անձից՝  նրա դաստիարակությունից , կրթությունից ու  ներքին հոգեկան վիճակից,որովհետև այստեղ բոլորովին այլ աշխարհ է, որը ներկայիս  Հայաստանի հակապատկերն է:

Եթե հոգեպես կայուն անձնավորություն ես, այստեղի ավանդույթներին հարմարվելը բարդ խնդիր չի լինի՝ կկարողանաս ճիշտ մոտեցում ցուցաբերել, որը երկու կողմերի համար էլ հարմար կլինի:

Ասեմ, որ ընտանիքս քրիստոնյա, կիրթ, ժամանակակից, ազատ մտածելակերպով ընտանիք է: Սկեսրայրս մասնագիտությամբ ճարտարապետ է: Սկեսուրս եղել է անգլերենի ուսուցչուհի: Ամուսինս նույնպես ճարտարապետ է: Այնպես որ` ընտանիքում ավանդույթներին հարմարվելու խնդիր չունեմ:

 Ես  շարունակում եմ ապրել այնպես, ինչպես ապրել եմ Հայաստանում:

-Աշխեն, իսկ  ինչո՞վ են նման և տարբեր հայ և հնդիկ  ժողովուրդները:

-Ամեն ինչ շատ տարբեր է, որևէ ընդհանրություն Հայաստանի հետ առաջին հայացքից չես կարող գտնել: Բայց երբ շփվում ես տեղացիների հետ, սկսում ես ապրել այստեղ ոչ որպես տուրիստ:  Իրենց հետ շփվելով հասկանում ես, որ մեզ՝ հայերիս պես հյուրասեր են և ընկերասեր: Երկու ժողովուրդն էլ տանջված ու  աշխատասեր են, ամեն ինչից հաց են ստեղծում:

Հին հայկական ավանդույթի պես այստեղ կանանց մեծ մասը իրենց ամուսիններին անունով չեն դիմում, հատկապես այլ մարդկանց մոտ, ասում են` անհարգալից է: Եթե տղամարդ է սենյակ մտնում , բոլոր նստածները, ի նշան հարգանքի, կանգնում են:

Նմանություններից մեկն էլ այն է, որ երկու ժողովուրդներն էլ սիրում են ուրիշների կյանքը քննարկել ու վերլուծել:

Այստեղ մարդիկ շատ ամուր են կապված իրենց ավանդույթներին: Կուզենայի, որ Հայաստանում ևս ժամանակակիցի հետ մեկտեղ պահվեր ազգայինը, գեղեցիկը:

Հնդկաստանը բազմազանության երկիր է: Այստեղ կողք կողքի ապրում են հարուստն ու աղքատը: Մի տեղ  կտեսնես շքեղ շինություն, իսկ մյուս տեղում`  մի փոքրիկ հյուղակ: Գոյության պայքարը Հնդկաստանում շատ վառ է արտահայտված, բայց դա տեղացիներին չի խանգարում ժպտալ ու լինել բարի՝ ի տարբերություն հայերիս, որ միշտ դժգոհ ենք ու տխուր: Կուզենայի, որ մենք էլ սովորեինք թեթև նայել խնդիրներին և հաճախ ժպտալ:

-Հատկապես, ի՞նչը կարող է դժվարություն պատճառել հայերին Հնդկաստանում:

Այն, որ Հայաստանից հեռու ես, արդեն ինքնին դժվարություն է: Շատ դժվար է կլիմայի հետ հարմարվելը, հատկապես ինձ համար, որտեղ ես եմ ապրում միշտ շոգ է:

Ամենակարևոր դժվարությունը  հավատքը պահելն է: Այստեղ կան տարբեր եկեղեցիներ, բայց ոչ մեկում պատարագը մեր եկեղեցու պես չեն մատուցում:  Մենք Մադրասում ունենք հայկական եկեղեցի՝ Մադրասի Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ հաճախ ենք գնում: Միայն այնտեղ է, որ ես ինձ շատ լավ եմ զգում: Այդ տարածքն ինձ համար, ասես, փոքրիկ Հայաստան լինի Մադրասում:

16-18-րդ դդ. Մադրասում ապրել են հայեր, որոնք թողել են մեծ ժառանգություն: Ամուսնուս հետ ուսումնասիրում ենք, այցելում ենք  թանգարաններ, արխիվներ, գրադարաններ…  Գտնում ու համակարգում ենք հայերի, հայկական հետքերի մասին ցանկացած տեղեկություն, հոդված:

Շատ հպարտ եմ, որ հայ եմ…

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE