Դալիթան՝ իտալական Verdinote մրցույթի հաղթող

15:10   2 նոյեմբերի, 2015

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Դալիթա Ավանեսյանը դարձել է իտալական հանրահայտ Verdinote 33-րդ մրցույթի հաղթողը։

«Մրցույթին մասնակցելու հրավերը ստացա մաեստրո Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնիից։ Նա ինձ առաջարկեց մրցույթում կատարել իր հեղինակած երգը, որը կոչվում է Amore Non Avra’ Fine («Սերն անվերջ է»)։ Երգի խոսքերի հեղինակը Անտոնելլա Բրաչիան է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Դալիթան, որը նաև տեղեկացրեց, որ երգը թարգմանվել է անգլերեն և հայերեն լեզուներով։ Հայերեն տեքստի հեղինակը Էդմոնդ Մակարյանն է։

«Երգը երեք լեզուներով էլ ձայնագրվել եմ իրենց ստուդիայում, իսկ հոկտեմբերի 31-ին մասնակցեցի մրցույթին և ճանաչվեցի հաղթող՝ արժանանալով «Ոսկե նոտա» պարգևին»,-մեզ հետ զրույցում ասաց երգչուհին։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դալիթայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE