Նամակ խմբագրությանը. ամուսինս առաջարկում է հանդիպել ուրիշ տղամարդկանց հետ

23:03   30 նոյեմբերի, 2015

Ողջույն: Ես հայտնվել եմ տարօրինակ ու հայկական հասարակությանը ոչ բնորոշ իրավիճակում: Դրա համար էլ խորհրդի կարիք ունեմ: Հարսանիքից երկու տարի հետո ամուսինս ինձ առաջարկում է երբեմն հանդիպել այլ տղամարդկանց հետ: Ես 22 տարեկան եմ, իսկ ամուսինս շուտով 28 տարեկան կդառնա:

Նշեմ, որ նա միշտ էլ հայ տղամարդկանց համեմատ աչքի է ընկել իր առաջադեպ հայացքներով: Երբեք ինձ չի արգելել աշխատել ու կարիերա կերտել։ Ընդհակառակը միայն խրախուսել է դա, նույնիսկ այն դեպքում, երբ ես երբեմն ստիպված եմ եղել մինչեւ ուշ գիշեր մնալ աշխատավայրում: Երբեք չի արգելել կարճ զգեստներ հագնել , ընկերուհիներիս հետ սրճարան գնալ, մի խոսքով անել այն ամենն, ինչ սովորաբար հայ տղամարդիկ չեն խրախուսում: Նա չէր առարկում, որ ես շփվեմ իմ տղամարդ ընկերների՝ նախկին համադասարանցիներիս ու համակուրսեցիներիս հետ: Մենք նույնիսկ որոշել են չշտապել երեխաներ ունենալու հարցում եւ այդ քայլին հավասարակշռված ու մտածված մոտենալ, երբ երկուսս էլ կզգանք, որ պատրաստ ենք ծնող դառնալ: Ես միշտ նորմալ եմ վերաբերվել դրան, հպարտացել եմ իմ ամուսնու առաջադեմ հայացքներով ու համարել, որ ինձ ամեն ինչ թույլատրված է: Բայց վերջերս նա ամենայն լրջությամբ ինձ առաջարկեց հանդիպել ուրիշ տղամարդկանց հետ: Բնականաբար այդ դեպքում նա նույնպես իրավունք կունենա հանդիպել այլ կանանց հետ: Նա ասում է, որ խոսքը դավաճանության մասին չէ: Դա ընդամենը անմեղ ֆլիրտ է: Նրա կարծիքով դա կթարմացնի մեր հարաբերությունները: Ամուսինս վստահեցնում է, որ մտադիր չէ կողմնակի սիրային հարաբերություններ սկսել, պարզապես երբեմն արկածների պակաս է զգում: «Ես քեզ հարյուր տոկոսով վստահում եմ »,- ասում է նա: Նրա խոսքով՝ եւ տղամարդկանց, եւ կանանց երբեմն անհրաժեշտ է զգալ, որ իրենք գրավիչ են նաեւ ուրիշների համար: Նա վստահեցնում է, որ մենք իրար կպատմենք մեր ժամադրությունների մասին ու «միասին կծիծաղենք»: «Ինձ դուր է գալիս քեզ անընդհատ նորից նվաճելը, մրցակցություն զգալը, չէ՞ որ ես որսորդ եմ », -ասում է նա:

Անկեղծ ասած՝ ես տարակուսանքի մեջ եմ: Մի կողմից նրա առաջարկն ինձ գայթակղիչ է թվում, բայց մյուս կողմից էլ ես հասկանում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ: Ես վախենում եմ կորցնել նրան, վախենում եմ, որ կդադարեմ վստահել նրան ու մենք կկորցնենք ինչ-որ կաեւոր մի բան: Իմ փաստարկները նա համարում է հետամնացության նշան: Ինձ տանջում են կասկածները, որ եթե ես չհամաձայնեմ, նա ամեն դեպքում կանի դա, բայց գաղտնի, ու հայտնի չէ, թե այդ ամենն ինչով կավարտվի: Ես ամաչում եմ իմ խնդրի մասին պատմել իմ հարազատներին, քանի որ նրանք դժվար թե հասկանան իրավիճակը: Գուցե որեւէ մեկը առնչվել է նման խնդրի ու կօգնի ինձ խորհրդով ...

Ա.Վ



© NEWS.am STYLE