Նորաձեւ խորհուրդներ դպրոցականների համար

10:45   12 նոյեմբերի, 2015

«Էս հիմիկվա ջահելները»...

Հավանաբար մեզանից շատերը լսել կամ ասել են այս արտահայտությունը: Համաձայնեք, որ միշտ էլ ավագ սերնդի համար երիտասարդները տարօրինակ ու ոչ պատշաճ են հագնվում: Երիտասարդներն էլ իրենց հերթին չեն կարողանում հասկանալ ավագ սերնդի ներկայացուցիչներին եւ նրանց հանդիմանություններին պատասխանում են՝ հիմա սա է նորաձեւ: Հաշվի առնելով այս ամենը՝ որոշեցի անդրադառնալ դպրոցականների ոճին եւ մի քանի խորհուրդ տալ նրանց։

Ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար նախընտրելի է պրեպի (preppy) ոճը: Այն գործնական եւ casual ոճերի, ազնվականության եւ հարմարավետության միաձուլումն է: Այս ոճին բնորոշ են վանդակավոր կիսաշրջազգեստն ու շորտերը, ժիլետի հետ համադրված բարակ սվիտերը, ձեռագործ հաստ սվիտեր, պոլո վերանաշպիկները, չինոս տաբատը, կանացի երկար գուլպաները (գոլֆեր): Այսինքն՝ հագուստի այս տեսակներով ցանկացած համադրություն հիանալի կլինի յուրաքանչյուր դպրոցականի համար։ Դասական է համարվում վանդակավոր կիսաշրջազգեստի,  երկար գուլպաների  եւ գեղեցիկ շապիկի համադրությունը։

Տաբատ չինոս

Պրեպի ոճի հագուստներ ընտրելիս պետք է հաշվի առնել կտորն ու գույնը։ Հագուստները հիմնականում պետք է կարված են բամբակե, քաշմիրե, տվիդե կտորներով:

Ինչ վերաբերում է գույներին, ապա պրեպի ոճին բնորոշ են կապույտը, կարմիրը, դեղինը, սպիտակը, խակ կանաչը եւ բեժը:

Այս ոճի հագուստի հետ պետք է համադրել տափակ կոշիկներ, դասական ոճի փակ կոշիկ (օքսֆորդներ), առանց կապիչի կոշիկներ (լոֆթերներ):

Անցնենք աքսեսուարներին: Պրեպի ոճը նախընտրող դպրոցականներն իրենց ամենօրյա լուքը կարող են լրացնել գլխի զարդ-եզրակով, փողկապով եւ թիթեռնիկով: Իսկ ինչ վերաբերում է պայուսակներին, ապա կարելի է համադրել եւ դպրոցական մեծ ուսապարկեր, եւ փոքր պայուսակներ:

Իսկ հիմա ամենակարեւորի մասին: Հարգելի դպրոցականներ, պրեպի ոճը միայն արտաքին տեսքով չի սահմանափակվում: Այն նաեւ ենթադրում է որոշակի կենսակերպ եւ ճիշտ վարքագիծ: Պրեպի ոճով հագնված երիտասարդը պետք է հետեւի էթիկայի կանոններին, միշտ կոկիկ, խնամված ու զուսպ լինի:

 

Պատրաստեց՝ Յանա

 



© NEWS.am STYLE