Բելգիայում կայացել է Miss Armenia գեղեցկության մրցույթը

12:30   18 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 15-ին Բելգիայի Գենթ քաղաքում կայացավ առաջին Miss Armenia գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 21-ամյա Էլեն Կարապետյանը:

Երկրորդ և երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են 20-ամյա Թագուհի Սիմոնյանը եւ 23-ամյա Թալին Հարթունյանցը:

Մրցույթի կազմակերպիչներն ու նախաձեռնողներն են Բելգիայում հայտնի հայազգի երգչուհի Keyoh-ը (Կարինե Օհանյան), նրա քույր Աննան եւ ընկերուհի Տաթեւ Մանուկյանը:

«Բելգիայում հայկական գեղեցկության մրցույթ կազմակերպելու մասին մտածել եմ դեռ 5 տարի առաջ, սակայն միայն այս տարի կարողացանք իրագործել այս գաղափարը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքները տեւել են վեց ամիս: Մինչ բուն մրցութային օրը, կազմակերպիչները մասնակիցների հետ իրականցրել են մի շարք փորձեր եւ ֆոտոնկարահանումներ:

«Այս 6 ամիսների ընթացքում կարողացել ենք ձեռք բերել մի քանի հովանավոր, որոնցից մեկի ջանքերով էլ Էլենը շուտով կկարողանա գալ Հայաստան եւ այստեղ էլ իրականացնել ֆոտոշարքեր»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Keyoh-ը:

Նախագծի հեղինակի խոսքով` սա մեծ ճանապարհորդություն էր, որն ունենալու է իր տրամամաբանական շարունակությունը.

«Մտադիր ենք Miss Armenia մրցույթը կազմակերպել նաեւ Գերմանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում եւ, իհարկե, նաեւ Եվրոպայում»,-իր ոգեւորությամբ կիսվեց երգչուհին:

Բելգիահայ երգչուհին, որի նպատակն է եղել հայ աղջիկների գեղեցկությունն ու տաղանդը Բելգիայում ցուցադրելը, ասում է. «Մենք պետք է մեզ շատ ցուցադրենք եւ ամբողջ աշխարհը պետք է իմանա մեր մասին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Keyoh-ը



© NEWS.am STYLE