Հարություն Մովսիսյանը, Գրիշա Աղախանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը եւ ուրիշներ՝ «Որոգայթ» ֆիլմի պրեմիերային

10:45   20 նոյեմբերի, 2015

Նոյեմբերի 19-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը դարձյալ Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը: Սերիալում խաղացած դերասաներից շատ քչերն էին մարմնավորում իրենց դերերը: Պատճառը՝ երկրից բացակայությունն էր:

Ֆիլմում նկարահանվել են Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ելենա Բորիսենկոն, Գրիգոր Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Մարջան Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Արփինե Գաբրիելյանը, Սաթենիկ Հախնազարյանը եւ ուրիշներ։

«Երբ ցուցադրվեց սերիալը այն մեծ արձագանք գտավ եւ սիրվեց մարդկանց կողմից: Մենք վաղուց էինք մտածել, որ կարելի է գեղարվեստական ֆիլմի տեսքով ներկայացնել, քանի որ ինչպես գիտենք, ֆիլմերը մնայուն են: Իսկ մենք ուզում էինք, որ «Որոգայթը» չմոռացվի: Այն իր մեջ շատ դաստիարակչական բնույթ է կրում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Նշենք, որ ֆիլմը ոչ թե սերիալի խտացված տարբերակն է, այլ գեղարվեստական ֆիլմ՝ սյուժետային որոշ փոփոխություններով:

«Իրականում Հովոյի կերպարը մարմնավորելը դժվար է, քանի որ այն իր մեջ ներառում էր բավականին դրական հատկանիշներ, որոնք պետք է ճիշտ մատուցել: Որպես դերասան ինձ համարում եմ շատ ճկուն եւ շուտ կողմնորոշվող: Բայց այս կերպարի դեպքում, եթե չլիներ ռեժիսորն ու սցենարիստը, ես կդժվարանայի ճիշտ ներկականալ: Ես այն դերասաններից եմ, որ միշտ ինձնից դժգոհ եմ լինում: Եվ ամեն անգամ աշխատում եմ ինձ վրա, որ էլ ավելի լավ ստացվի: Ես իմ դերերը կիսատ-պռատ չեմ խաղում»,- ասաց Հարություն Մովսիսյանը:

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է մոտ 30 օրվա ընթացքում Երեւանում եւ մարզերում: Ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաեւ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE