Ես հավատում եմ այսօրվա երիտասարդությանը եւ կոչ եմ անում ըմբոստանալ. Միքայել Պողոսյան

11:11   20 նոյեմբերի, 2015

LOFT ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում երեկ` նոյեմբերի 19-ին, կայացավ հանդիպում դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի հետ: Հանդիպման ընթացքում դերասանը լրագրողների եւ երկրպագուների հետ քննարկեց մի շարք թեմաներ` կապված դերասանի, արվեստագետի, մերօրյա հերոսի եւ իր անցած ուղու մասին:

Պարզվում է` սիրված դերասանը նախկինում երկար տարիներ զբաղվել է քանդակագործությամբ: Նա, նույնիսկ, եղել է Երվանդ Քոչարի աշակերտը.

«Ես պատահական դարձա դերասան: Երիտասարդ տարիքում քանդակում էի:  Երբ գործերս տեսավ Երվանդ Քոչարը, առաջարկեց դառնալ իր աշակերտը: Սա իմ կենսագրության մեջ շատ կարեւոր մի էջ էր: Դպրոցում վատ էի սովորում: Այն ավարտելուց հետո ընդունվեցի նկարչական ուսումնարան եւ մտադիր էի այդ ուղին շարունակել: Ինչ-ինչ իրադարձույուններից հետո կտրուկ փոխվեց վերաբերմունքս եւ ես դարձա այն, ինչ տեսնում եք»,-լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Միքայելը, որը   նաեւ նշեց, որ երբեմն նախանձում է նկարիչներին. «Նրանք չունեն կոնկրետ ժամ եւ ամսաթիվ: Իսկական արարումը լռության մեջ է»:

Քանդակագործ դառնալ երազող դերասանը ժամանակի ընթացքում այնքան է կայացել թատրոնի եւ կինոյի ոլորտում, որ այժմ ինքն է ընտրում իր դերերն ու այն բեմադրիչներին, որոնց հետ ցանկանում է համագործակցել.

«Արվեստով զբաղվող մարդիկ միշտ պետք է իմանան, թե ինչու են ընտրել այս ոլորտը: Ես ավելի քան 20 տարի ինքնուրույն եմ աշխատում` սկսած «Խաթաբալադայից»: Հասկացել եմ, որ նախ եւ առաջ` պետք է դառնաս մարդ: Երբ մեծանում ես, մասնագիտությունդ պետք է դառնա հնարավորություն խոսելու մարդկային տեսակիդ մասին, որ կյանքիդ վերջում ասեն` լավ մարդ է, ոչ թե` լավ մարդ էր:  Ուզում եմ, որ այն ճիշտ արարքները,  որ գործում ենք կյանքում, գործենք նաեւ բեմահարթակում, այլ ոչ թե զուտ անենք դերասանի պարտականություն»,-ասում է Միքայելը:

Դերասանը, ում համար արվեստն, առաջին հերթին, սիրո բացատրություն է, կարծում է, որ այսօր այդ ոլորտում  չափանիշները շեղված են. «Չափանիշները պետք է պահել եւ ներքեւ չսայթաքել: Արվեստի մեջ դժվար է գտնել քեզ նմանին եւ սկսել արարել»,-ասում է Պողոսյանը, որը նաեւ անտարբեր չէ արվեստի մեկ այլ ճյուղի` երաժշտության հանդեպ: Ավելին, դերասանը համոզված է. «Միակ բանը, ինչը լավ եմ անում, դա երգելն է»:

Ըստ Միքայել Պողոսյանի` այսօր հայ ժողովուրդը մի իսկական հերոսի կարիք ունի.

«Կարծում եմ` պետք է մտավորականներով հավաքվենք եւ ստեղծենք այսօրվա հերոսին: Այդ դերը պետք է ստանձնի այն հայը, որը ժառանգել է անցյալն իր գենի մեջ»,-ասում է դերասանն ու պատրաստակամություն հայտնում միշտ լինել երիտասարդերի կողքին. «Ես լիովին ձեզ հետ եմ եւ պատրաստ եմ աջակցել ցանկացած հարցում: Այսօր շատ առողջ երիտասարդություն ունենք, պարզապես, պետք է նրանց թիկունք լինել: Ես հավատում եմ մեր երիտասարդությանը եւ կոչ եմ անում ըմբոստանալու»: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE