«Մանկական Եվրատեսիլ 2015». Լուարայի եւ Դալիթայի մաղթանքը` Միկային

16:29   21 նոյեմբերի, 2015

Այսօր`նոյեմբերի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2015» ամենամյա երգի մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի 12-ամյա Միկան: Մեր մասնակիցը Եվրոպային կփորձի հաղորդել «Love» (Լավ) տրամադրություն` իր համանուն երգով:

Մինչ մրցույթում ներկայանալը Միկային պետք է ուղեկցեն բարձր տրամադրությունը, ոգեշնչող խոսքերը, եւ, իհարկե, մաղթանքներն ու խորհուրդները` փորձառու գործընկերների կողմից:

Այդ պարտականությունը մենք «դրեցինք» «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 2009 եւ 2011 թվականների մեր մասնակից գեղեցկուհիների՝ Լուարա Հայրապետյանի եւ Դալիթայի ուսերին:

«Միկային ցանկանում եմ գեղեցիկ ելույթ եւ հաջողություն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Լուարան:

Իսկ Դալիթան մաղթեց Միկային, նախ եւ առաջ, լավ ժամանակ անցկացնել.

««Մանկական Եվրատեսիլը, իսկական, տոն է բոլոր երեխաների համար: Մաղթում եմ, որ պատվով ներկայացնի մեր երկիրը եւ հաղթանակով վերադառնա Հայաստան: Խորհուրդ եմ տալիս, որ չհուզվի»,-մեզ հետ զրույցում նշեց Դալիթան:

NEWS.am STYLE-ը եւս մեր մասնակցին մաղթում է լավ ելույթ, բարձր տրամադրություն եւ իհարկե, հաղթանակ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE