Նորաձեւության աշխարհի մի շարք հայտնիներ` Անահիտ Ղազարյանի աքսեսուարների ցուցահանդեսին (ֆոտոռեպորտաժ)

13:25   22 նոյեմբերի, 2015

Երեկ` նոյեմբերի 21-ին, Marriott Armenia հյուրանոցի Cucina սրահում տեղի ունեցավ Fashiondrug by Anahit Ghazaryan աքսեսուարների ցուցահանդես-վաճառքը՝ նախատեսված փոքրիկ աղջիկների եւ իրենց մայրիկների համար: Նորաձեւության բլոգեր Անահիտ Ղազարյանն առաջին անգամ էր ներկայանում աքսեսուարների ցուցահանդեսով:

«Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ աշնանային բնությամբ: Աշուն-ձմեռ 2015-2016 այս հավաքածուի մեջ օգտագործել եմ բնական քարեր, կաշի, մետաղ, ապակի, մորթի…Սիրում եմ աշխատել կոլաժային ոճով եւ խառնել տարբեր նյութեր: Իմ հավաքածուի նշանաբանն է` «Կերտեք ձեր անհատական ոճը: Կարծում եմ` առանց աքսեսուարների կնոջ կերպարն ավարտուն չէ, իսկ այս սեզոնին դրանք կարելի է համադրել գլխարկների եւ վերնազգեստների հետ»,-ասում է Անահիտը, որը նաեւ անց է կացնում գրագետ հագուկապի եւ նորաձեւության մասին թրեյնինգներ:  

Հարցին, թե ինչու որոշեց հավաքածուն ստեղծել մայրերի եւ դուստրերի թեմատիկայով, Անահիտը պատասխանեց. «Ինձ համար շատ ակնահաճո է, երբ մայրերն ու դուստրերը միանման են հագնվում, այդ պատճառով էլ հավաքածուս ստեղծված է այդ թեմայով»:

Ի դեպ, ցուցադրությունն ուներ նաեւ բարեգործական բնույթ: Առաջին իսկ վաճառված զարդի հասույթը փոխանցվելու է «Առողջության կամուրջ» հիմնադրամին: Մեզ հետ զրույցում հիմնադրամի նախագահ Անահիտ Բաղդասարյանն ասաց.

«Համագործակցության առաջարկը ստացել եմ հենց Անահիտից: Շատ տպավորված եմ ցուցադրությունից եւ շատ ուրախ եմ տեղեկացնել, որ հենց առաջին վաճառված զարդի հասույթը փոխանցվելու է մեր հիմնադրամին, ինչը կնպաստի որեւէ երեխայի առողջացման գործընթացին»:

Անահիտ Ղազարյանի յուրօրինակ ցուցադրությանը ներկա էին նաեւ հայտնի հյուրեր: Նրանցից էր, օրինակ,  Անահիտ Սիմոնյանը, որը  NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց.

«Անահիտին ծանոթ եմ շատ վաղուց, երբ նա դեռ այս ամենով չէր զբաղվում: Ընտանիքներով շատ մտերիմ ենք եւ միշտ եմ նկատել նրա բարձրաճաշակ ոճը: Շատ ուրախ եմ, որ այսօր նա ներկայացավ իր աքսեսուարների հավաքածոուով: Շատ գեղեցիկ եւ տարբերվող աշխատանքներ այսօր տեսանք: Ինձ դուր եկան դրանք բոլորը»:

Խոսելով Անահիտի ստեղծած զարդերի մասին` հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը նշեց.

«Շատ տպավորված եմ այս ցուցադրությունից եւ Անահիտի ներկայացրած բոլոր զարդերից: Իսկ ամենաշատն ինձ տպավորել է հենց այն զարդը, որն այսօր կրում է Անահիտը»:

Երեւանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին եւս NEWS.am STYLE-ի հետ կիսվեց իր տպավորություններով.

«Բացի այն, որ շատ հավանել եմ այս հավաքածուն, կարծում եմ` այս միջոցառման ամենակարեւոր գաղփարն այն է, որ սա արվում է նաեւ բարեգործական նպատակներով: Համոզված եմ` այս աշխատանքներն ունեն շատ լավ հեռանկարներ: Շնորհավորում եմ Անահիտին: Մաղթում եմ, որ նա շատ մեծ բարձրունքների հասնի»: 

Նշենք, որ երեկվանց սկսած Fashiondrug by Anahit Ghazaryan հավաքածուն արդեն ներկայացված է վաճառքի: Բոլոր ցանկացողները հավաքածուին կարող են ծանոթանալ Fashiondrug.am կայքում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի եւ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE