«Մանկական Եվրատեսիլ 2015». Միկայի բարձր տրամադրությունն ու Եվրոպայի արձագանքը (ֆոտո)

14:15   22 նոյեմբերի, 2015

Երեկ` նոյեմբերի 21-ին, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթը, որտեղ մեր ներկայացուցիչը` Միկան, կատարեց Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած  «LOVE» երգը եւ զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթան:

NEWS.am STYLE-ն այսօր զրուցեց Հանրային հեռուստատեսության PR բաժնի պատասխանատու Արուսյակ Զախարյանի հետ` պարզելու մեր մասնակցի եւ պատվիրակության տրամադրությունն ու մրցույթից ստացած տպավորությունները.

«Միկայի եւ Հայաստանի պատվիրակության տրամադրությունը բարձր է եւ տոնական: Երեկ մեր պատվիրակը փայլուն ելույթ ունեցավ եւ կարողացավ Եվրոպային փոխանցել բարձր տրամադրություն»,-մեզ հետ զրույցում նշեց Արուսյակը` ավելացնելով, որ մեր ներկայացուցիչն անընդհատ ստանում էր հիացական խոսքեր եւ շնորհավորանքներ:

«Պետք է նշեմ, որ Հայաստանը միշտ էլ «Մանկական Եվրատեսիլին» շատ լավ է ներկայացել: Այս տարի էլ վստահ էինք, որ Միկան կարողանալու է հիանալի ելույթ ունենալ եւ լավ արդյունքով վերադառնալ: Մենք մրցանակային երկրորդ հորիզոնականում ենք»,-նշեց Արուսյակը, որը նաեւ NEWS.am STYLE-ին տրամադրեց երեկվա մրցույթից բացառիկ լուսանկարներ:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE