«Սիրո Գերին» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանը` իր բացասական կերպարների մասին

12:21   25 նոյեմբերի, 2015

Հեռուստադիտողը երիտասարդ դերասանուհի Լուիզա Կարապետյանին ճանաչում է «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից: Կամակոր եւ ըմբոստ կերպարների մարմնավորող դերասանուհին խոստովանում է. «Երբ լույսերը մարում են եւ տեսախցիկներն անջատվում, ես վերադառնում եմ իրականություն»: Իսկ ինչպիսի՞ն է իրականում Լուիզան:

NEWS.am STYLE-ը փորձել է պարզել` զրուցելով դերասանուհու հետ:

-Լուիզա, կպատմե՞ք Ձեր մասին: Ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Մասնագիտությամբ դերասանուհի եմ: Ավարտել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:

-Իսկ դերաանուհի դառնալը մանկությա՞ն երազանք է եղել:

-Դեռ մանկուց սիրում էի երգել եւ գիտեի, որ այդ ուղղությամբ եմ շարունակելու: Սակայն երբ պատրաստվում էի բուհ ընդունվել, սկսեցի մտածել նաեւ դերասանական արվեստի մասին: Տեղեկացա, որ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում գործում է նաեւ երաժշտական կուրս, որոշեցի համատեղել երգն ու դերասանությունը: Մի բան գիտեի հաստատ, որ մասնագիտությունս պետք է արվեստի հետ առնչվեր:

-Մինչ «Սիրո Գերին» հեռուստսերիալում նկարահանվելը, նկարահանման այլ փորձ ունեցե՞լ էիք:

-Նկարահանվել եմ նաեւ «Անծանոթը» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում, բայց հեռուստադիտողն ինձ սկսեց ճանաչել` որպես Նանա:

-Թե՛ «Սիրո գերին», թե՛ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներում մարմնավորում եք փոքր-ինչ բացասական կերպարների, որոնց մարդիկ չեն սիրում եւ քննադատում են: Դա ինչ-որ կերպ ազդո՞ւմ է Ձեր կյանքի վրա:

-Մարմնավորում եմ բացասական, բայց «համով» կերպարների: Կարծում եմ` կարեւորը կերպարի բացասական կամ դրական լինելը չէ, կարեւորը դու հասկանաս կերպարդ եւ այնպես մարմնավորես, որ հեռուստադիտողը հավատա քեզ: Եթե սկսում են քեզ ատել ու կռիվ տալ կերպարիդ հետ, ուրեմն ստացվել է…Ի դեպ, ասեմ, որ բացասական կերպարների մարմնավորելը ավելի հետաքրքիր է եւ բարդ: Պետք չէ մտածել, թե ինչ կկարծի հեռուստադիտողը քո կերպարի մասին, պետք չէ միայն դրական աղջիկների մարմնավորելով նվաճել հեռուստադիտողի սիրտը: Ցավոք սրտի` հենց այդպես է լինում, բայց խելացի մարդիկ հասկանում են, որ դա աշխատանք է եւ կապ չունի քեզ հետ:

-Դուք` ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կերպարներին: Նրանցից ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Ես հավատում եմ իմ կերպարներին եւ ապրում եմ նրանց կյանքով` կապ չունի նրանք դրական են, թե բացասական:  Բայց միայն նկարահանման հրապարակում, իսկ երբ մարում են լույսերն ու անջատվում են տեսախցիկները, ես վերադառնում եմ իրականություն եւ ապրում եմ իրական կյանքով:)

-Հեռուստասերիալներում նկարահանվելու ընթացքում հասցրե՞լ եք մտերմանալ Ձեր գործընկերների հետ: Կա՞ որեւէ մեկը, ում հետ, հատկապես, մտերիմ եք:

-Բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ: Շատ հաճելի է, երբ նկարահանվում ես հարազատ դարձած ուսանողական տարիների ընկերներիդ հետ: Անուններ չեմ նշում, բոլորին էլ հարգում եմ:

-Արդեն հասցրե՞լ եք Ձեր մասին բաբասանքներ լսել:

-Կապ չունի` հանրությանը հայտնի ես, թե ոչ… մարդիկ միշտ էլ բամբասում են: Այսպես ասեմ` ոչ-ոք ոտքով չի խփում սատկած շանը:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լուիզա Կարապետյանը



© NEWS.am STYLE