Իսկ ես դեռ ծեր չեմ. Թինա Թյորներն այսօր դառնում է 76 տարեկան

13:26   26 նոյեմբերի, 2015

Այսօր ծնվել է երաժշտական աշխարհի իգական սեռի լեգենդներից մեկը` Թինա Թյորները: Ամերիկացի երգչուհին դառնում է 76 տարեկան:

Երգչուհին այն արտիստներից է, որը փայլում է ոչ միայն իր արտաքինով, ձայնային տվյալներով, այլեւ պարային ունակություններով ու անսահման արտիստիզմով:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է ութ անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհու մտքերից ու հիթերից մի քանիսը:

«Վստահ եմ, որ եթե պարզապես ոտքի կանգնեք եւ քայլեք, կյանքը ձեր առջեւ կբացի իր դռները»:

«Ես, իհարկե, իմաստուն չեմ, բայց կարծում եմ կյանքի իմաստությունը հետեւյալում է` պետք է հանգիստ կերպով ընդունել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք կան»:

«Մարդիկ կարծում են, թե իմ կյանքը դժվար է ընթացել, իսկ իմ կարծիքով` այն մի հրաշալի ճանապարհորդություն է: Որքան հասունանում ես, այնքան սկսում ես գիտակցել, որ էականը ոչ թե այն է, ինչ քեզ հետ պատահել է, այլ այն, թե ինչպես ես դու հաղթահարել այդ ամենը»:

«Ես ինքս եմ աշխատել իմ էության վրա: Միշտ ցանկացել եմ դառնալ մեծ մարդ, քանի որ կրթություն չեմ ստացել: Բայց իմ երազանքն էր կյանքից դաս քաղելը»:

«Իմ գեղեցկության գաղտնիքը նրանում է, որ ես երջանիկ եմ իմ էությամբ: Ես երբեք չեմ օգտագործում հատուկ քսուքներ կամ պլաստիկ միջոցներ: Սխալ է մտածել, թե դու այն ես, ինչ նկարում ես քո դեմքին: Երջանկությունը գեղեցկության ամենակարեւոր գաղտնիքն է»:

«Իմ ոտքերը միշտ երկար են եղել: Երբեմն մտածում էի. «Ինչո՞ւ եմ ես այսքան նման պոնիի»»:

«Հավատում եմ աղոթքի եւ ուժեղ հավատքի զորությանը»:

«Հասունանալով հասկացա, թե ինչն է ինձ սազում: Դրա համար էլ սկսեցի կրել կարճ զգեստներ: Բացի դա` երկար զգեստով հարմար չէ պարել»:

«Տարիքն ինձ համար խնդիր չէ. Կարծում եմ` 50-ը նոր 30 տարեկանն է, իսկ 70-ը` 50:  Ոչ մի կանոն չկա, որը թելադրում է քեզ, թե ինչպես պետք է հագնվել ինչ-որ կոնկրետ տարիքի դեպքում:»

«Երբեք ինձ ծեր չեմ համարի, քանի դեռ, իսկապես, չծերանամ: Իսկ ես դեռ ծեր չեմ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE