Զոհված Փոլ Ուոքերի հայրը դատի է տվել Porsche –ին

15:41   26 նոյեմբերի, 2015

2013-ին ավտովթարից զոհված ամերիկացի դերասան Փոլ Ուոքերի հայրը՝ Փոլ Ուիլյամ Ուոքեր երրորդը, որոշել է երկու տարի անց դատի տալ Porsche –ին, հայտնում է ABC News-ը:

Ինչպես հավաստիացնում է դերասանի հայրը՝ Porsche Carrera GT ավտոմեքենան, որով Փոլ Ուոքեր կրտսերը վթարի է ենթարկվել, հագեցած չէր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցներով:

Մասնավորապես խոսքը մեքենայի կայունացման , դռների ամրակցման ու վառելիքի հաղորդիչների համակարգերում առկա թերությունների մասին է: Թե փոխհատուցման ինչ գումար է պահանջում զոհված դերասանի հայրը, հայտնի չէ:

Ավելի վաղ Porsche ընկերության ներկայացուցիչները մեկնաբանել էին վթարից զոհված դերասան Փոլ Ուոքերի դստեր հայցը:

Այդուհանդերձ, քննիչները մինչ այդ հետաքննություն էին անցկացրել ու եզրակացրել, որ վթարի պատճառը գերազանցված արագությունն է եղել, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունը:



© NEWS.am STYLE