Ինչպես զարդարել տան մուտքը Ամանորին

22:25   26 նոյեմբերի, 2015

Ամանորին մոտ մեկ ամիս է մնացել, եւ գրեթե բոլորն արդեն մտածում են ամանորյա պատրաստությունների մասին։ Իհարկե, պատրաստություններ ասելով հասկանում ենք նաեւ տունը գեղեցիկ զարդարելը։

Եթե դուք արդեն մտածել եք, թե ինչպես եւ ինչով եք ձեւավորելու ձեր բնակարանը, ուրեմն պետք է հիշել նաեւ տան մուտքի մասին. չէ որ հյուրերի առաջին տպավորությունը շատ կարեւոր է։ Այսպիսով, առաջարկում ենք հինգ մեթոդ ձեր հյուրերին առաջին իսկ րոպեներից զարմացնելու եւ հիացնելու համար։

1. Տան դուռը կարելի է զարդարել սոճու կոներով։ Դրանց վրա կարող եք սպիտակ սփրեյ փչել  եւ գույնզգույն խաղալիքներ եւ ամանորյա այլ զարդեր սոսնձել։

2. Մուտքի առաջ կարող եք ձյունով լի դույլեր դնել (հուսանք, որ կկատարվի ամանորյա հրաշքը՝ առատ ձյունը), իսկ մակերեսին մոմակալներ տեղադրել։

3. Տան դուռը կարելի է ուրվագծել դրասանգներով եւ լույսերով՝ չմոռանալով գեղեցիկ խաղալիքների եւ  սոճու կոների մասին։ Իսկ հատակին կարելի է յուրօրինակ մոմակալներ դնել, որոնք երեկոյան կլուսավորեն ձեր տան շեմը։

4. Բույսերի համար նախատեսված տարաների մեջ կարող եք եղեւնու ճյուղեր կամ այլ բույսեր դնել եւ համադրել գույնզգույն զարդերի հետ։

5. Խաղողի ճյուղերը կարելի է կլորացնել եւ ամանորյա լույսերի հետ փոքրիկ գնդակներ պատրաստել ու դնել մուտքի աստիճաններին կամ ինչ-որ բարձրադիր տեղում։

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE