Էվա Խաչատրյանը` «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվելու եւ իր կերպարի մասին

12:08   28 նոյեմբերի, 2015

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Էվա Խաչատրյանն իր էկրանային կարիերան սկսել է «Եղբայրներ» հեռուստասերիալից: Հեռուստադիտողն այսօր էվային առավել ճանաչում է` որպես «Ֆուլ Հաուսի» Նորա: NEWS.am STYLE-ի հետ զրույցում էվան խոսեց ոչ միայն «Ֆուլ Հաուս»-ում նկարահանվելու եւ Նորայի կերպարի, այլեւ իր դերասանական ուղու եւ նախասիրությունների մասին:

վա, երբվանի՞ց հասկացաք, որ հենց դերասանական ուղին պետք է ընտրեք:

-Դա, պարզապես, այդպես էլ պետք է լիներ: Ես փոքրուց եմ այդպես ապրել: Դա ինձ հետ մեծացել է, մասնագիտացել, թրծվել, ամուր հիմք ստացել եւ արտահայտվել էկրանին ու թատրոնում:

-Ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը դեպի կինո:

-Հետաքրքիր, հագեցած, ուրախ, սիրով լի…Նկարահանվել սկսել եմ հենց ուսանողական տարիներից: Ամեն ինչ սկսվեց «Եղբայրներ» հեռուստասերիալից եւ տարածվեց:

-Խաղում եք նաեւ Երեւանի Կամերային թատրոնում. Ձեզ ավելի հոգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն:

-Թատրոնն ու կինոն, իրականում, շատ տարբեր են եւ, միեւնույն ժամանակ, շատ նման: Ինձ երկու տեղում էլ զգում եմ հագեցած եւ ապահով: Կարեւոր է, որ երկու տեղում էլ լինես անկեղծ եւ իրական, բայց ոչ չափազանց իսկական (բառիս ոչ բուն իմաստով):) Մենք, պարզապես, մեր կինոն եւ հեռուստասերիալները վերածում ենք մի խաղի` ոչ իրական եւ ոչ սուտ, դրա համար դրանք կորցնում են իրենց իսկականությունը ու դառնում կենցաղ:

-Ինչպե՞ս ստացաք «Ֆուլ Հաուսում» Նորային մարմնավորելու առաջարկը:

-Առաջարկը ստացա սիթքոմի ռեժիսոր Կարեն Ամյանից: Այդպես գնացի Նորայի դերի համար փորձին, հաջորդ օրն իմացա, որ ընտրվել եմ այդ դերի համար եւ արդեն սկսեցինք աշխատել:

-Նորան իր էությամբ, կարծես թե,  բացասական կերպար է. հե՞շտ է նրան մարմնավորելը:

-Նորան, իրականում, ոչ բացասական է, ոչ էլ դրական…Նա հումորային կերպար է, որը մտնում է կեղծ խաղի մեջ, բայց իրական սուր արտահայտված բացասական կերպար չէ: Փողի մոլուցքով տառապող կին, բայց մատուցված է հումորով:

-Առհասարակ, ինչպիսի՞ կերպարների եք նախընտրում մարմնավորել` Ձեր խառնվածքին մո՞տ, թե՞ ընդհակառակը:

-Ես նախընտրած կերպարներ չունեմ: Դերասանը չպիտի կոնկրետ ու ստատիկ նախընտրած կերպարներ ունենա իրեն մոտ կամ հեռու: Կերպարը պետք է ստեղծել, ստեղծագործել եւ աշխատել. կապ չունի` դա ֆիլմ է, սերիալ, թե ներկայացում: Ստեղծագործող դերասանը նման բան չպիտի ասի: Նույնիսկ չպատկերացնելով կերպարը, պետք է ջանք թափես, ստեղծագործես… եթե անգամ չի ստացվելու աշխատանքը, դա քո ճամպրուկը լցնելու է նոր փորձով: Եթե կերպարը մարդասպան է կամ հարբեցող, դա չի նշանակում, որ նրան մարմնավորող դերասանն էլ է այդպիսին: Դու պարզապես ընտրում ես քեզ համար որեւէ օրինակ եւ, հիմնվելով դրա վրա, ստեղծում կերպարդ:

-Բացի նկարահանվելուց էլ ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Երգում եմ, երբեմն` ֆիլմեր դիտում, երաժշտություն եմ լսում, կարդում եմ: Շփվում եմ արվեստի մարդկանց հետ, լցնում եմ ինձ, որպեսզի ավելի ամուր կանգնեմ ոտքերիս վրա, հետաքրքիր լինեմ…Փորձում եմ բռնել իրական արվեստագետ դառնալու ճանապարհը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է էվա Խաչատրյանը



© NEWS.am STYLE