Մերի Մակարյանը, Օլգա Այվազյանը, Նարեկ Մակարյանը եւ այլք՝ Իրինա Հարությունյանի տեսահոլովակի շնորհանդեսին (ֆոտոռեպորտաժ)

10:28   28 նոյեմբերի, 2015

Երեկ` նոյեմբերի 27-ին, Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում կայացավ երգչուհի Իրինա Հարությունյանի «Անգիտակցաբար» երգի տեսահոլովակի պրեմիերան:

«Երգը ստեղծվել է մեկ տարի առաջ: Քանի որ ես երկար դադար եմ ունեցել, սա համարում եմ իմ վերադարձը շոու-բիզնես: Սպասելիքներս շատ են: Երգը անգիտակցաբար սիրո մասին է, քանի որ կարծում եմ` սերը աստվածային երեւույթ է, իսկ այն, ինչ աստվածային է, մեր գիտակցությանը չի պատկանում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Իրինան:

Իրինային նոր տեսահոլովակի առթիվ շնորհավորելու էին եկել նաեւ շոու-բիզնեսի իր ընկերները` Օլգա Այվազյանը, Մերի Մակարյանը, Հակոբ Հակոբյանը, Գայանե Ավետիսյանը, Նարեկ Մակարյանը եւ այլք:

Ի դեպ, Նարեկն ու Գայանեն են հանդիսանում «Անգիտակցաբար» երգի հեղինակները:

«Իրինայի հետ մտերմացել եմ աշխատանքի բերումով: Նա հաճախ էր ասում, որ լավ երգով է ցանկանում հանդես գալ, իսկ ինձ մոտ քանի որ արդեն կար հաջողված երգի փորձ, խոսքը «Քեզ հետ, առանց քեզ» երգի մասին է, մտքովս անցավ նրա համար երգ գրել: Աշխատանքիս արդյունքում ստեղծվեց երգի երաժշտությունը, որը լսելուց հետո Իրինան միանգամից հավանեց եւ նույնիսկ չցանկացավ, որ ինչ-որ բաներ փոխեմ այնտեղ»,-ասում է երգի համահեղինակ Նարեկ Մակարյանը:

Երգի խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանը շատ ուրախ է, որ երգն իր բովանդակությամբ լիովին համապատասխանել է Իրինայի բնութագրությանը:

«Իրինային ճանաչում էի, բայց երգի ստեղծման ընթացքում ավելի մտերմացանք: Կարծում եմ` շատ անկեղծ կատարում է ստացվել: Ամեն դեպքում, երգը շատ հետաքրքիր է ծնվել, քանի որ երբ լսեցի Նարեկի հեղինակած երաժշտությունը, այն շատ դիպուկ թելադրում էր թեման եւ կարծում եմ, որ մեր աշխատանքը ստացվել է: Շատ ուրախ եմ Իրինայի համար: Թող այս երգը դառնա իր գեղեցիկ վերադարձի սկիզբը»,-մեզ հետ զրույցում նշեց Գայանեն:

Տեղեկացնենք նաեւ, որ «Անգիտակցաբար» երգի տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE