Ես չեմ վախենում մահից, պարզապես չեմ ցանկանում այնտեղ լինել, երբ դա պատահի. Վուդի Ալենը դարձավ 80 տարեկան

15:28   1 դեկտեմբերի, 2015

80 տարի առաջ այս օրը ծնվել է ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան եւ կատակերգու Վուդի Ալենը: Նա իր կարիերան սկսել է ավելի քան 50 տարի առաջ:

Ամեն ինչ սկսվեց հումորային սցենարներից… 1950-ական թ-երին Վուդին հեռուստատեսային հումորային նախագծերի համար գրում էր կատակներ, իսկ 1960-ականներից արդեն ինքը սկսեց հանդես գալ, որպես stand up հումորիստ:

Այդպես է եղել նաեւ ֆիլմերի դեպքում: Սկզբում նա աշխատում էր կատակերգությունների վրա, հետագայում արդեն սկսեց սցենարներ գրել նաեւ դրամաների համար:

Նրա հեղինակած հայտնի ֆիլմերից են «Ժասմինը», «Լուսնի լույսի մոգությունը», «Վիկի, Կրիստինա, Բարսելոնան», «Հռոմեական արկածները», «Սենսացիան» եւ այլն:

Ներկայացնում ենք սիրված աստղի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Ես չեմ վախենում մահից, պարզապես չեմ ցանկանում այնտեղ լինել, երբ դա պատահի»:

«Ես երախտապարտ եմ ծիծաղին: Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա պատճառով կաթը քթերիցս է դուրս գալիս»:

«Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին»:

«Միայն զղջում եմ այն բանի համար, որ ես մեկ ուրիշը չեմ»:

«Իսկ ի՞նչ, եթե ամեն ինչ մտացածին է եւ ոչինչ գոյություն չունի իրականում: Այդ դեպքում, ափսոս էր այն գումարը, որը ծախսել եմ գորգիս վրա»:

«Ժամանակը բնության գործիքն է, որի օգնությամբ այն կարողանում է հետեւել, որ ամեն ինչ միանգամից չլինի»:

«Զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք անդադար փորձում են ուսումնասիրել տիեզերքը, այն դեպքում, երբ նույնիսկ չեն կարողանում գտնել իրենց ճանապարհը Չայնաթաունում»:

«Ոչ բոլորն են ընտրում լինել ծիծաղելի»:

«Չեմ ցանկանում անմահություն ձեռք բերել իմ աշխատանքի շնորհիվ, ցանկանում եմ անմահ լինել չմեռնելով»:

«Կյանքը բաժանված է երկու մասի` սարսափելի եւ առեղծվածային»:

«Մեր տան գլուխը ես եմ, կինս, պարզապես, որոշումներ ընդունողն է»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE