Հայերը՝ «Սիմփսոնները» հանրահայտ մուլտսերիալում

14:29   1 դեկտեմբերի, 2015

Համացանցում հայտնաբերել ենք մի շքեղ ընտրանի, որի հեղինակը aratherat.com-ն է, եւ հիմա շտապում ենք ձեզ էլ ներկայացնել այն: Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ եք արդեն 26 տարի աշխարհի հանդիսատեսին ուրախացնող «Սիմփսոնները» հանրահայտ մուլտսերիալի հայերի վրա: Ովքե՞ր են նրանք. Սփրինգֆիլդի հայերը: 

Արմեն Թամզարյան

1997-ին «Տնօրենն ու աղքատը» դրվագում տնօրեն Սքինները պատրաստվում է նշել «իր պաշտոնավարության քսանամյակը»: Տեսուչ Չալմերսը մյուս ուսուցիչների հետ միասին Սքիների համար փառահեղ հավաքույթ են կազմակերպում: Ամեն ինչ հոյակապ էր, մինչեւ իսկական Սեյմուր Սքիների հայտնվելը, որը պատահաբար էր անցնում դպրոցի կողքով: Պարզվում է, որ Սեյմուր Սքիները (իրականում՝ Արմեն Թամզարյանը) ժամանակին Քեփիթալ Սիթիի գողերից ու ավազակներից մեկն է եղել, որին դատարանի վճռով ընտրություն էր տրվել՝ կամ բանտ գնալ, կամ բանակ: Նա ընտրել էր վերջին տարբերակը՝ չկարծելով, որ Վիետնամի պատերազմը կսկսվի:

Այնտեղ Թամզարյանը ծանոթացել է իսկական Սեյմուր Սքիների հետ, որը նրա համար ավագ եղբայր է դարձել: Բայց շուտով զոհվել է: Այդ ժամանակ Արմենը որոշել է յուրացնել իսկական Սքիների կյանքն ու անունը, բացի դրանից նա չէր կարողացել ճշմարտությունն ասել ընկերոջ մորը, որը նրան ընդունել էր որպես իր որդի: Այդ ժամանակվանից ի վեր Սքիները փորձել է կատարել իսկական Սքիների երազանքները, այդ թվում՝ դպրոցի տնօրեն դառնալ: Սակայն պարզվում է, որ իսկական Սքիները չէր զոհվել, այլ գերի էր ընկել, այնտեղից էլ հայտնվել Չինաստանում, որտեղ նա «սնիքերսներ էր հավաքում»: Բայց շուտով հրուշակեղենի գործարանը փակվում է, ու Սքիները տուն է վերադառնում:

Հատկանշական է, որ երբ Արմեն Թամզարյան անունով մեկը (իսկ հիմա նա ոչ ավել ոչ պակաս Քալիֆորնիայի գերագույն դատարանի դատավորն է) իմացել է իր անվան գործածման մասին, նամակ է գրել սերիալի հեղինակներին՝ փորձելով հասկանալ, թե ինչու են հատկապես իր անունը օգտագործել: 

Բժիշկ Եգոյան

17-րդ եթերաշրջանի 16-րդ սերիայում՝ «Էյբին մեկ միլիոնով» վերնագրով, պապիկ Էբին, որն ապրում է Սիմփսոնների տանը, պատահաբար մեղավոր է դառնում Սփրինֆիլդի ֆուտբոլային թիմի ստեղծման ձախողման համար: Դրա պատճառով նա նույնիսկ ինքնասպանության փորձ է անում ու դիմում է բժիշկ Եգոյանին, որը պետք է օգնի նրան ինքնասպան լինել: 

Չակ Գարբեդյան

Տասներորդ եթերաշրջանի եզրափակիչ՝ քսաներեքերորդ սերիայում Հոմեր Սիմփսոնը հայտարարում է, որ ոմն Չաք Գարբեդյանի դասընթացներ է հաճախել: Դասընթացները նվիրված են եղել «ինչպե՞ս փող տնտեսել» թեմային: 

Մո Սիզլաք

Մոյի ճշգրիտ ծագումն անհայտ է: 

Lisa Goes Gaga դրվագում Մոն ասում է, որ ինքը «կիսով չափ հրեշ է, բայց կիսով չափ հայ, բայց կարող եք անվանել ինչպես կամենաք...»։ Սա նույնպես կարող է վկայել նրա հայկական ծագման մասին:



© NEWS.am STYLE