Ուկրաինական «Холостяк»-ի մասնակից Անահիտ Ադամյան. Հպարտանում եմ իմ հայկական արմատներով

19:26   21 հունվարի, 2016

Ուկրաինական «Холостяк» շոուի մասնակից Անահիտ Ադամյանը «Ուկրաինայի հայ երիտասարդների միության» կայքին տված հարցազրույցում պատմել է իր եւ իր արմատների, ինչպես նաեւ Հայաստան այցելության մասին: 

«Ես Երեւանում եմ ծնվել, բայց արդեն մեկ տարի անց ընտանիքս տեղափոխվեց Օդեսա: Հայրս հայ է, մայրս` ուկրաինուհի: Իմ մեջ միահյուսվել է երկու ազգություն, երկու մշակույթ եւ մտածողություն: Ես միշտ իմացել եմ, որ իմ Հայաստանն իմ մեջ անջնջելի հետք կթողնի: Եվ քսանամյա բացակայությունից հետո Հայաստան թռչելով` ես մաշկիս ամեն բջջով զգացի, թե ինչ է «արյան կանչը»: Երբ դու ուղղակի երջանիկ ես, որովհետեւ զբոսնում ես հարազատ փողոցներով եւ շուրջն ամեն ինչ ուժ է տալիս, վայելում ես ամեն րոպեն, որ անցկացնում ես հայրենիքում: Այն ժամանակվանից ես երբեք չեմ բաժանվում իմ Հայաստանից, երբեք: Տարին մեկ այցելում եմ իմ պատմական հայրենիք, որտեղ հոգեպես լիցքավորվում եմ: Կարող եմ համոզվածությամբ ասել, որ հպարտ եմ իմ հայկական արմատներով եւ նրանով, որ այս Մեծ ժողովրդի մասնիկն եմ», — ընդգծել է Անահիտ Ադամյանը:


Դեպի Հայաստան ուղեւորությունները ներկայացնելով` Անահիտը նաեւ պատմել է, որ հաճախ է այնտեղ թռչում ընկերների հետ: «Ես այնքան եմ սիրահարված Հայաստանին, որ հաճախ եմ այնտեղ թռչում ուկրաինացի ընկերներիս հետ, որ իրենց աչքերով տեսնեն այդ երկրի ամբողջ գեղեցկությունը: Նրանց համար Հայաստան ուղեւորությունները սքանչելի հնարավորություն էին` գնահատելու ճարտարապետական հնագույն հուշարձանների անկրկնելիությունը եւ տեղի խոհանոցի համն ու հոտը»:



© NEWS.am STYLE