Չեմ լսում, չեմ տեսնում, չեմ խոսում. Անդրեի նոր ֆոտոշարքն ու նոր նախագծի մասին բացառիկ հարցազրուցը NEWS.am STYLE-ի հետ

11:05   27 հունվարի, 2016

Տեւական ժամանակ է, ինչ Անդրեն գտնվում է Միացյալ Նահանգներում: Երգչի բացակայությունը տարատեսակ կարծիքների տեղիք տվեց. Արդյոք նա ԱՄՆ է մեկնել մշտական բնակությա՞ն, թե՞ անձնական կյանքը դասավորելու նպատակով:

Վերջերս Հայաստան կատարած իր կարճատեւ այցի ժամանակ երգիչը ոչ միայն բացառիկ հարցազրույց ունեցավ NEWS.am STYLE-ի հետ, այլեւ  լուսանկարվեց մեր նոր ֆոտոշարքում: Երգչի հետ մեր ունեցած զրույցն ու խորիմաստ լուսանկարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

-Անդրե, բավականին, երկար ժամանակ է` ինչ գտնվում ես ԱՄՆ-ում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ հանդիսացավ: Իրականում, ի՞նչն է քեզ այսքան երկար պահում Միացյալ Նահանգներում:

-Քանի որ արդեն փորձ ունեցել եմ ներկայանալու որպես պրոդյուսեր եւ ժյուրիի անդամ տարբեր երաժշտական նախագծերում («Հայ սուպերսթար», «X Factor», «Իմ անունն է», «Պրեմիերա»), որոշեցի, որ ժամանակն է` ունենամ իմ սեփական նախագիծը` Andrenaline ռեալիթի շոուն, որը նկարահանումների առումով ավելի նպատակահարմար է իրականացնել հենց Միացյալ Նահանգներում: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որի շրջանակներում միմյանց հետ կմրցեն նոր դեմքեր: Այս նախագծում մասնակիցները ոչ միայն կմրցեն իրենց վոկալային տվյալներով, այլեւ ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նրանց պայքարին նաեւ կադրից դուրս: Այսինքն, սա բոլորովին նոր ձեւաչափ է լինելու, որը չի կրկնօրնակելու մինչ այդ հայտնի միջազգային ֆորմատներին: Հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Հնարավոր է, որ նախագծում հաղթի ոչ թե մեկ, այլ մի քանի մասնակից, որոնցից մենք կձեւավորենք երաժշտական խումբ: Ցավալի է, որ այսօր քիչ ունենք խմբեր: Սա ես կապում եմ նրա հետ, որ մենք չենք սիրում թիմային աշխատանք` ոչ երաժշտության ասպարեզում, ոչ սպորտում: Բայց ես ուզում եմ ստեղծել մի խումբ, որը երկար կյանք կունենա:

-Ո՞ւմ հետ ես համագործակցում այս նախագծի շրջանակներում:

-Նախագծի շուրջ համագործակցում եմ PanArmenian Holding-ի հետ: Ինձ օգնում են լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու շոումեն, պրոդյուսեր Արա Ղազարյանը: Կարող եմ նաեւ ասել, որ տարբեր փուլերում հրավիրված կլինեն տարբեր եւ շատ հետաքրքիր ժյուրիի անդամներ: Դեռեւս պարզ չէ, թե երբ շոուն կլինի եթերում: Մինչ մեկնարկը, սոցիալական ցանցերում եւ հեռուստատեսությամբ կհայտարարվի քասթինգի մասին: Սիրով սպասում եմ թե հայ, թե արտասահմանցի տաղանդավոր մասնակիցների:

-Առհասարակ, ինչպե՞ս է անցնում քո առօրյան ԱՄՆ-ում:

-Այստեղ հիմնականում ազատ ժամանակ չեմ ունենում: Ժամանակս եւ ուժերս կենտրոնացրել եմ նախագծի եւ իմ համերգային շրջագայությունների վրա: Իսկ եթե ունենում եմ փոքր-ինչ ազատ ժամանակ, այն անցկացնում եմ բարեկամներիս եւ հարազատներիս հետ:

-Վերջերս Սիրուշոն մի գրառում տեղադրեց սոցիալական ցանցերում, որից պարզ դարձավ որ նա եւ Ավետ Բարսեղյանը քեզ համար նոր երգ են հեղինակել: Խոսիր այդ համագործակցությունից: Ե՞րբ կարող ենք վայելել այդ ստեղծագործությունը:

-Ավետի եւ Սիրուշոյի հեղինակած գեղեցիկ երգը կոչվում է «Սրտի արեւ»: Այն շուտով կներկայացնեմ աուդիո տարբերակով: Առաջինը կկարողանաք լսել իմ պաշտոնական էջերում: Երգը ծնվեց շատ արագ. Սիրուշոն գրեց երաժշտությունը, այնուհետեւ Ավետը գրեց խոսքերը, իսկ գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Սիրո մասին այս գեղեցիկ ստեղծագործությունը, միգուցե, ներկայացնեմ հենց Սուրբ Վալենտինի օրը: Ես ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ Ավետի եւ Սիրուշոյի հետ մենք վաղուց արդեն կոլեգաներ չենք: Մենք չենք էլ սկսել որպես կոլեգաներ: Այս ասպարեզում եւ դրանից դուրս միշտ ընկերներ ենք եղել եւ մեր ընկերությունը արդեն երկար տարիներ է` վերածվել է բարեկամության: Այս պարագայում էլ սա ես համագործակցություն չեմ համարում: Ասես ընտանիքում ծնված լինի որեւէ ստեղծագործություն, որը պետք է կատարի մեզանից ինչ-որ մեկը: Սա եւ հեշտ, եւ, միեւնույն ժամանակ, դժվար երեւույթ է, որովհետեւ պետք է ամեն ինչ մատուցես այնպես, որ բոլորի սրտով լինի: Ուրախ եմ, որ թե ես, թե Ավետը, թե Սիրուշոն մեր համատեղ աշխատանքից գոհ ենք մնացել:

-Մեր ֆոտոշարքում ներկայանում ես շղթայված: Սա առաջին դեպքը չէ, քանի որ բեմում էլի ես եղել կապանքներով. Հիշենք, օրինակ` «Եվրատեսիլ 2006»-ը: Իսկ իրական կյանքում քեզ երբեւէ անելանելի իրավիճակում կամ շղթայված զգացե՞լ ես:

-Այո, 2006 թ-ի «Եվրատեսիլի» իմ բեմադրության ժամանակ եւս կապված էի: Բայց իրական կյանքում երբեւիցե շղթայված կամ կապված չեմ լինում: Ես ազատ մարդ եմ եւ կյանքում միշտ էլ ձգտել եմ լինել ազատ եւ անկախ, որովհետեւ չեմ սիրում որեւէ կախում ունենալ երեւույթներից կամ մարդկանցից: Ես միշտ ընտրում եմ ամենադժվար ճանապարհը: Երբ մարդիկ լինում են շղթայված, այսինքն` մեկից կախված, կողքի մարդկանց փորձը ցույց է տալիս, որ ավելի հեշտ են հասնում իրենց ուզածին, բայց ես ի սկզբանե որոշել եմ ինքս լինել իմ որոշումների տերը:

-Անդրե, դու այն երգիչներից ես, ում մասին միշտ խոսում են, ում հաճախ քննադատում են համարձակ քայլերի համար: Ինչպե՞ս ես վերաբերվում քո անվան շուրջ պտտվող բամբասանքներին: Արդյոք կարողանո՞ւմ ես աչքերդ եւ ականջներդ փակել նման երեւույթների առաջ:

-Ես ոչ միայն կարողանում եմ աչքերս եւ ականջներս փակել, այլեւ կարողանում եմ բերանս էլ փակել, որովհետեւ ես չեմ սիրում արձագանքել այդ բամբասանքներին: Շատերը միգուցե մտածեն, թե ես խուսափում եմ այդ ամենին ինչ-որ կերպ պատասխանելուց: Ոչ, պարզապես, ես որեւէ բան բացատրելու կամ հակառակը ապացուցելու կարիք չունեմ: Երբ դու հակառակն ես սկսում ապացուցել, ուրեմն փորձում ես արդարանալ: Բացի այդ` իմ պարագայում  նորմալ է, երբ քննարկում են ինձ, քանի որ ես ընտրել եմ այս ուղին եւ այս ճանապարհն ի սկզբանե ինձ համար սկսվել է այդպես` մարդիկ խոսում էին, հետաքրքրվում: Ես կարծում էի, թե կգա ժամանակ, երբ իմ մասին խոսակցություններն այդքան էլ հետաքրքիր չեն լինի, որովհետեւ միշտ հայտնվում են նոր դեմքեր, բայց փորձը ցույց է տալիս, որ մինչ այսօր խոսում են, հետաքրքրվում են եւ դա ինձ համար ոչ թե տխրելու, այլ ուրախանալու փաստ է:

-Քո մասին հնչած վերջին բամբասանքներից էլ ԱՄՆ-ում նշանադրվելուդ մասին խոսակցություններն էին: Մարդկանց շփոթմունքի մեջ էին գցել որոշ լուսանկարներ: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ ամենը:

-Ես երբեք սոցիալական ցանցերում չեմ տարածում անձնական բնույթի լուսանկարներ եւ չգիտեմ էլ, թե ինչու այդ լուսանկարները դարձան խոսակցության պատճառ: Իմ հանդիսատեսը գիտի, որ չեմ սիրել եւ չեմ սիրում քննարկել իմ անձնական կյանքը: Ես փորձում եմ մարդկանց ներկայանալ իմ ստեղծագործական նորություններով եւ աշխատանքներով եւ ցանկանում եմ հենց գործունեությանս միջոցով պահպանել հետաքրքրությունս, ինչը դատելով մարդկանց անձագանքներից` ինձ մոտ ստացվում է: Դրա համար շատ ուրախ եմ: Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքիս, արդեն նշել եմ եւ եւս մեկ անգամ սիրով կնշեմ, որ անցած տարին, իրոք, վերելեքներով լի էր ինձ համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Զարդերը` PreGomesh 



© NEWS.am STYLE