Զինվորի հոգեբանությունը յուրաքանչյուր հայ տղամարդու մեջ կա ու պիտի լինի. Գոռ Հակոբյանը՝ զինվորի կերպարում (ֆոտոշարք)

11:05   28 հունվարի, 2016

Հայոց բանակի ստեղծման 24-ամյակի առթիվ NEWS.am STYLE-ը որոշեց ցույց տալ հայ զինվորի ոչ միայն քաջ եւ արի, այլեւ դրական եւ լավատեսությամբ լի կերպարը: Ֆոտոշարքն իրականացրեցինք մեր ամենասիրված եւ դրական դերասաններից մեկի` «Ֆուլ Հաուս» սիթքոմում Ֆելիքսին մարմնավորող Գոռ Հակոբյանի հետ: Գոռի հետ զրուցեցինք հայ զինվորի կերպարի եւ զինվորի հոգեբանության մասին: Դերասանը նաեւ վերհիշեց կադետական դպրոցում սովորելու տարիներից մի քանի դրվագ.

-Գոռ, բացի մեր ֆոտոշարքից, երբեւէ այլ առիթներ ունեցե՞լ ես նկարահանվելու զինվորական համազգեստով:

-Տարիներ առաջ, երբ նոր էի առնչվում տեսախցիկի եւ նկարահանումների հետ, փորձեցինք հումորային սկետչեր ներկայացնել, որոնց մեջ եղել եմ զինվորական հագուստով:

-Ասում են` զինվորական համազգեստն իր մեջ խորհուրդ ունի: Դու ի՞նչ ես զգում այդ համազգեստը կրելիս:

-Սովորել եմ կադետական դպրոցում, երկու տարի հագել եմ զինվորական համազգեստ: Մեր դպրոցը գրեթե ոչնչով չէր տարբերվում զորամասից, միակ բացառությամբ, որ չէինք քնում այնտեղ: Այնտեղ սովորելու տարիներին հենց իմ մեջ արթնացավ հայրենասիրությունն ու հարգանքը տվյալ բնագավառի մարդկանց հանդեպ: Ամեն անգամ համազգեստ հագնելուց ինձ մոտ որոշակի էմոցիաներ են արթնանում, որ եթե, Աստված չանի, Հայաստանում պատերազմական դրություն լինի, ես համոզված եմ, որ անպայման կգնամ եւ առաջին գծում կկռվեմ: Դա չեմ ասում, ինձ վրա ուշադրություն սեւեռելու համար: Ոչ, ես դա վաղուց եմ իմ մեջ զգացել: Երբ կրում ես համազգեստը, այդ ամեն ինչը քո մեջ արթնանում է: Երբ 18 տարեկան երիտասարդը գնում է ծառայության, իր մեջ մոտ մեկ ամսվա ընթացքում դնում են զինվորի հոգեբանություն: Զինվորի հոգեբանությունը յուրաքանչյուր հայ տղամարդու մեջ կա ու պիտի լինի:

-Ինչպես նշեցիր, երկու տարի սովորել ես կադետական դպրոցում: Կհիշե՞ս հետաքրքիր դեպքեր սովորելուդ տարիներից:

-Մենք հինգ ընկերներով մի փոքր չարաճճի երեխաներ էինք եւ մեզ սովորական հոսքից տեղափոխեցին կադետական դպրոց, որ սկսենք որոշակի ռեժիմով ապրել: Բայց մենք միեւնույն է չուղղվեցինք եւ ստացվեց այնպես, որ մեզ` որպես պատիժ, տարան մեկ այլ վայր, տրամադրեցին վրան եւ քնապարկեր ու ստիպեցին, որ մենք տասը օր ապրենք այդ պայմաններում` առանց սնունդի եւ ջրի: Այդ ամեն ինչը մենք պետք է հայթայթեինք: Մի խոսքով, այդպես վերապատրաստվում էինք: Այնպես ստացվեց, որ կոնֆլիկտ ունեցա տնօրենի հետ, քանի որ ինձ համար մի փոքր անհասկանալի եւ բռնապետական էին այդ կանոնները: Ըմբոստ բնավորությանս պատճառով ինձ հեռացրեցին դպրոցից: Հետագայում ես, իհարկե, քննություններս հանձնեցի եւ ավարտեցի այն:

-Մեր զինվորներին հաճախ են անդրադառնում ֆիլմերում: Ըստ քեզ` հաջողվո՞ւմ է հայկական ֆիլմերում ճիշտ ներկայացնել զինվորի կերպարը:

-Կան մի քամի հայկական ֆիլմեր, որոնք այնքան դիպուկ են ներկայացնում այդ ամենը, որ քեզ իրոք պատերազմի դաշտում ես զգում, բայց կան նաեւ ֆիլմեր, որոնք շատ պարզունակ են նկարված: Չեմ ուզում նշել անուններ:

-Ի՞նչ ես կարծում, զինվորի կյանքով ապրելն իրոք փոխո՞ւմ է տղաներին:

-Համաձայն եմ, որ բանակը փոխում է տղաներին: Ճանաչել եմ մարդկանց, որոնք երեխայի մտածելակերպով գնացել են բանակ, բայց մի քանի ամիս հետո, երբ արձակուրդ են եկել, նրանց մեջ զգացվել է այդ փոփոխությունը. որպես տղամարդ են վերադարձել:

-Իսկ ի՞նչ կմաղթես մեր զինվորներին Հայոց բանակի տոնի առթիվ:

-Հայ զինվորը միշտ քաջ է եղել ու հպարտ է, որ կանգնած է սահմանին, ինչը շատ կարեւոր է: Մարդ չպիտի գնա ծառայելու ուղղակի այդ ծառայության երկու տարին անցնելու համար: Զինվորը պետք է ծառայության գնա հայրենիքը պաշտպանելու նպատակով: Մաղթում եմ, որ մեր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE