Հայտնի գեղեցկուհիները շնորհավորում են Հայոց բանակի տոնն ու հայ զինվորներին

12:45   28 հունվարի, 2016

Այսօր` հունվարի 28-ին, մեր հանրապետությունը տոնում է Հայոց բանակի օրը: Սա տոն է, որը կարեւոր է յուրաքանչյուրիս համար, քանի որ բանակն է պետության կարեւորագույն ուժերից մեկը: Ճիշտ է` տոնը նշանակալից է յուրաքանչյուր հայի համար, սակայն այն անհամեմատ մեծ իմաստ ունի, հատկապես, բանակում ծառայող զինվորների համար: Սա մեր զինվորների տոնն է, որոնք օր ու գիշեր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Իսկ ի՞նչը կարող է ոգեշնչել մեր քաջ զինվորներին: Իհարկե, ոգեւորող խոսքերն ու շնորհավորանքները, հատկապես, երբ դրանք հնչեցնում են գեղեցկուիները: NEWS.am STYLE-ը որոշեց տոնի առթիվ անակնկալ մատուցել մեր զինվորներին: Դիմեցինք մեր հայտնի գեղեցկուհիներից մի քանիսին, որոնք սիրով իրենց սրտի խոսքը ցանկացան հայտնել մեր հայրենիքի պաշտպաններին.

Դալիթա

«Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Շնորհակալ եմ մեր զինվորներին, որոնք օր ու գիշեր պաշտպանում են մեզ եւ մեր հայրենիքի սահմանները: Հպարտ եմ, որ ունենք այսքան հաղթական եւ անպարտելի բանակ: Աղոթում եմ` մաղթելով ուժ, քաջառողջություն եւ խաղաղություն»:

Էվա Խաչատրյան

«Հայ զինվորին, առաջին հերթին, մաղթում եմ խաղաղ երկինք, որ պատվով կատարի իր պարտքը հայրենիքի առաջ եւ վերադառնա հարազատ տուն: Թող կռիվ չլինի եւ վտանգի զգացողությունը չայցելի նրանց: Ինչպես ամուր եւ անառիկ պահում են մեր սահմանները, այդպիսի ամուր եւ երջանիկ ընտանիք թող կազմեն»:

Ադրիանա Գալստյան

«Գերադասել եք մեռնել, բայց սուրբ հողը թշնամու ոտքերի տակ չտեսնել: Գերադասել եք անքուն գիշերներ անցկացնել եւ մեր հանգիստն ապահովել… Շնորհավոր տոնդ, ազգի քաջ զինվոր: Հավատում եմ քեզ եւ հպարտանում քեզանով»:

Լիլիթ Մարտիրոսյան

«Շնորհավորում եմ բոլորիս` Հայոց բանակի օրվա առթիվ: Այսօր առանձնահատուկ օր է հայ ժողովրդի համար` մեր ժողովրդի հոգու արիության ու հզորության ապացույցի օրն է: Մեր հայ առյուծների շնորհիվ մենք ապրում ենք խաղաղ ու քնում ենք հանգիստ, քանզի մեր հզոր բանակը մեր կողքին է ու միշտ պատրաստ է հետ մղել թշնամու ցանկացած ստոր քայլ: Միշտ հպարտացել եմ մեր բանակի արիությամբ ու հզորությամբ: Մեր բանակն ինձ համար ամենամարտունակն է աշխարհում: Հայ զինվորներ, շնորհավորում եմ ձեր տոնը: Աստված միշտ պահապան լինի ձեզ, միշտ զգաք Աստծո ներկայությունն ու ձեր մայրերի օրհնությունը: Հայոց բանակում է ծառայում նաեւ իմ հորեղբոր տղան: Հպարտ եմ նրանով: Մաղթում եմ նրան բարի ծառայություն եւ բարի վերադարձ»:

Բարի ծառայություն մեր զինվորներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE