Գարիկ Մարտիրոսյանի կին. Մեր ընտանիքում հայրիշխանություն է

17:05   28 հունվարի, 2016

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը, պատմել է, թե ինչեր է ստիպված եղել զոհաբերել հանուն Comedy Club–ի ռեզիդենտի հետ ամուսնության: Շոումենի կինը խոստովանել է, որ իրենց ընտանիքում հայրիշխանություն է տիրում:

Ինչպես գրում է «Дни»-ն՝վկայակոչելով «Караван историй»-ին, ամուսինները մեծացնում են երկու երեխաների՝ 11 տարեկան Ժասմինին ու 6 տարեկան Դանիելին: Comedy Club-ի պրոդյուսերի կինն իրեն նվիրել է ընտանիքին ու հրաժարվել քրեագետ դառնալու երազանքից:

«Ես լուրջ մարդ եմ: Ինքներդ դատեք՝ երազում էի քննիչ դառնալ, քրեագետ: Ամենացավալին այն է, որ մեր գրաֆիկները չհամընկան: Իմ աշխատանքը գրասենյակային էր՝ ժամը իննից մինչեւ երեկոյան վեցը: Իսկ Գարիկը ստեղծագործող մարդ է՝ «բու»: Նա կատակները գրում է երեկոյան ու գիշերը՝ գրեթե մինչեւ առավոտ: Հետո մի քիչ քնում է ու գնում աշխատանքի: Ժամանակը նրան երբեք չի բավականացնում: Նման ծանրաբեռնվածությամբ մենք գրեթե չէինք հանդիպում:

Մի անգամ Գարիկը շատ հանգիստ, բայց վճռական ասաց՝ «Ժաննա, պետք է ընտրենք: Կա՛մ դու աշխատում ես, կա՛մ մենք միասին կառուցում ենք մեր ընտանիքը: Լավ մտածիր»: Ես մտածեցի՝ ըստ էության Գարիկն իրավացի էր, նման պայմաններում ընտանիքը երկար չէր դիմանա: Հինգ տարվա անվերջանալի հյուրախաղերին դիմացանք, իսկ հիմա ի՞նչ է՝ բաժանվեի՞նք իմ աշխատանքի պատճառով: Ես բոլորովին չէի ուզում նման բան ու ընտրեցի ընտանիքը: Կյանքում միշտ էլ ստիպված ես ինչ-որ բան զոհաբերել»,- անկեղծացել է Ժաննան:

Շոումենի կինը նաեւ հայտնել է, որ իրենց հարաբերություններում խանդ չկա: Ժաննայի խոսքով ընտանիքում ամենակարեւորը լիակատար վստահությունն է: Նա նշել է, որ հետաքրքիր ելույթների ու հաջող կատակների համար Գարիկին պետք է, որ ընտանիքում խաղաղության ու սիրո մթնոլորտ լինի:

«Իմ խորհուրդը կանանց՝ մինչեւ ամուսնու հեռախոսը փորփրելը լավ մտածեք: Ես, օրինակ, երբեք Գարիկի հեռախոսը չեմ փորփրում: Բարեբախտաբար, ես ու Գարիկն իրար շատ ենք վստահում, ու ավելին՝ չի եղել այնպիսի իրավիճակ, որ ես կասկածեմ ամուսնուս: Բացի դրանից իմ բախտը նաեւ բերել է այն տեսակետից, որ Գարիկը գրանցված չէ որեւէ սոցցանցում ու այդպես ապրելը շատ ավելի հեշտ է: Թե իմ, թե նրա համար: Կյանքն առանց այդ էլ շատ կարճ է, որպեսզի այն վատնենք խանդի վրա»,- նկատել է Գարիկ Մարտիրոսյանի կինը:



© NEWS.am STYLE