«Սիրո գերին» հեռուստասերիալի ժամանակ ինձ, հիմնականում, չէին սիրում. Հայկո Հովհաննիսյան

12:12   4 փետրվարի, 2016

«Սիրո գերին» հեռուստասերիալում նա մարմնավորում էր բացասական կերպարի` Միկային, որն ամեն գնով փորձում էր նվաճել գլխավոր հերոսուհու սիրտը` իր ճանապարհին ոչնչացնելով բոլոր խանգարողներին: Այժմ Հայկո Հովհաննիսյանը նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Գագիկին: Չնայած այս անգամ նրա կերպարը դրական է` դերասանին, կարծես թե, մինչ օրս ասոցացնում են Միկայի հետ: Իսկ ինչպիսի՞ կերպարներ է նախընտրում մարմնավորել ինքը` դերասանը:

NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է երիտասարդ, բայց խոստումնալից դերասան Հայկո Հովհաննիսյանի հետ.

-Հայկո, ինչպե՞ս սկսեցիք նկարահանվել հեռուստասերիալներում:

-Ավարտել եմ Աբել Աբելյանի անվան դերասանական ստուդիան: Առաջին անգամ նկարահանվել եմ «Անցյալի ստվերները» հեռուստասերիալում` Գոռի կերպարում: Ընտրվել եմ քասթինգով: Հենց այդ սերիալից էլ սկսվեցին նաեւ մյուս հրավերները:

-«Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորում էիք Միկային, որն իր էությամբ բացասական կերպար էր: Ինչպիսի՞ արձագանքներ էիք ստանում հեռուստադիտողի կողմից:

-«Սիրո գերին» հեռուստասերիալի ժամանակ կարծիքները տաբեր էին, բայց հիմնականում ինձ չէին սիրում: Նույնիսկ շատ չէին սիրում…

-Հետաքրքիր պատմություններ եղե՞լ են դրա հետ կապված:

-Մի անգամ պետավտոտեսուչը խախտման ակտը կազմելուց երկար նայեց վրաս ու ասաց, որ դեմքս ծանոթ է: Ես էլ ասացի, որ հեռուտասերիալի չար եւ վատ տղան եմ: Ու չգիտես ինչու` իմ ակտը 5000-ի փոխարեն դարձավ 10 000 դրամ ու երբ հարցրեցի, թե ինչու այդպես ստացվեց, նա պատասխանեց. «Մաման քեզ չի սիրում»:)

-Արդեն փորձ ունեցել եք մարմնավորելու եւ դրական, եւ բացասական կերպարների: Ո՞ր դերերն եք ավելի հաճույքով մարմնավորում:

-ինձ ավելի հոգեհարազատ են բացասական կերպարները: Իմ կարծիքով բացասական կերպարների մեջ խաղային ավելի մեծ դաշտ կա:

-Նկարահանվել եք նաեւ «Պապարացի» գեղարվեստական ֆիլմում: Ո՞ր ոլորտն եք նախընտրում` գեղարվեստական ֆի՞լմ, թե՞ հեռուտասերիալ:

-Անկեղծ ասած` ինձ համար կարեւոր է առողջ մթնոլորտում աշխատելը` լինի գեղարվեստական ֆիլմում, թե հեռուստասերիալում: Եթե լավ ու առողջ մթնոլորտում չաշխատես, ցանկալի արդյունքին չես հասնի:

-Իսկ նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ կա՞ն արդեն:

-Դեռեւս առաջարկներ չկան… Հետագայում լինելու դեպքում առաջինը կտեղեկացնեմ ձեզ:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Հայկո Հովհաննիսյանը



© NEWS.am STYLE