Բուն Բարեկենդանի տոնը ստեղծված է մարդկանց ուրախություն պարգեւելու համար․Տեր Շահե Քահանա Հայրապետյան

13:22   4 փետրվարի, 2016

Հայ առաքելական եկեղեցու գոյության օրվանից ի վեր Բուն Բարեկենդանը միշտ նշվել է: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր Շահե Քահանա Հայրապետյանը՝ ներկայացնելով Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնի ծագման պատմությունը, խորհուրդը եւ տոնակատարության մանրամասները:

«Հայոց պատարագը միշտ էլ տարբերվել է մյուս ազգերի պատարագներից, հայ կրոնավորի զգեստը տարբերվում է մյուս կրոնավորների զգեստներից։ Քրիստոնեությունը ժառանգել է ազգայինի գիտակցությունը»,-ասում է քահանան։

Տեր Շահեի խոսքով՝ Բուն Բարեկենդանը դրախտի հիշողությունն է։ Այն հիշեցնում է, թե ինչպիսի երանության մեջ էր ապրում մարդը, երբ դեռեւս Դրախտում էր։

Քահանան խորհուրդ է տալիս այդ օրը լինել ուրախ, ինչպիսին որ տոնի խորհուրդն է․

«Ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ժողովուրդը տագնապի մեջ է ապրում։ Այս ամենը մեզանից խլում է երջանկությունը։ Այս տոնը ստեղծված է  մարդկանց ուրախություն պարգեւելու համար»։

Ինչ վերաբերում է տոնին հաջորդող Մեծ Պահքին, դա ըստ քահանայի՝ մարդու ինքնաքննման շրջանն է․

«Համբերենք այս շրջանում։ Մեծ Պահքից առաջ մարդը պետք է խոստովանվի։ Միմյանցից ներում շահելուց հետո մարդիկ մտնում են Մեծ Պահքի շրջան»։

Քահանայի խոսքով՝ Բուն Բարեկենդանի ծիսակատարությունները բազմազան են․

 «Բուն Բարեկենդանի օրը տարբեր խաղեր ունեինք՝ սպորտային, դիմակահանդեսներ։ Ծիսակատարությունները տարբեր էին»,-ասում է Տեր Շահեն՝ հավելելով, որ այս տարի եւս տոնը մեծ շուքով կնշվի վարչական տարբեր շրջաններում։ Տոնակատարության կիզակետը կլինի փետրվարի 7-ին՝ Ազատության հրապարակում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE