Ռուս հայտնի փիառ գործակալը մահացել է Հայկ Բաբայանի կլինիկայում

15:06   6 փետրվարի, 2016

Երեկ Մոսկվայում մահացել է 25-ամյա փիառ գործակալ Տիմոֆեյ Շեւչենկոն, որը աստղային շրջանակներում հայտնի էր որպես Տիմ Բրիկ եւ աշխատում էր այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք եք Դանա Բորիսովան, Սերգեյ Զվերեւը, Պրոխոր Շալյապինը, Անաստասիա Ստոցկայան: 

Հաղորդվում է, որ Բրիկը մահացել է նիհարելու հաբերի պատճառով: 

Սակայն նրա հարսնացուն` Յանա Գրիվկովսկայան համաձայն չէ այդ վարկածին: Ողբերգության պահին նա Մոսկվայում չի եղել, սակայն հայտնել է, որ չի հավատում նիհարելու դեղամիջոցների չափազանց մեծ չափաբաժնից մահվան վարկածին: Գրիվկովսկայան վստահ է. իր փեսացուն  այդ ճակատագրական երեկո գնացել է «Շարմ» կլինիկա`վիրահատվելու իր ընկերոջ` պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանի մոտ:

«Ես չեմ հավատում, թե Տիման դեղերից է մահացել: Նա կլինիկա է գնացել պլաստիկ վիրահատություն անելու, իսկ ինձ ոչինչ չի ասել, Յանային է մեջբերում Super-ը: Վիրահատական ցանկացած միջամտություն նրան կտրականապես հակացուցված էր, որովհետեւ նա առաջին տեսակի դիաբետ եւ էպիլեպսիա ուներ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե բժիշկներն ինչպես են համաձայնել դրան: Կարծում եմ, որ նա կոմայի մեջ է ընկել, երբ նրան անզգայացում են տվել:  Եթե նա իրեն իրոք վատ զգար, դեղ կխմեր, որը միշտ փրկում էր նրան: Հենց մի թեթեւ թուլություն զգար, անմիջապես շաքարը չափում էր եւ միջոցներ էր ձեռք առնում: Նրա մայրն ու քույրն անմիջապես եկել են կլինիկա»:

Ավելի վաղ տեղի ունեցածի մեկ այլ վարկած էր հնչեցվել: Իբր Բրիկը վատ է զգացել եւ գնացել է իր ընկերոջ` Հայկ Բաբայանի պլաստիկ վիրաբուժության կլինիկա: Այնտեղ նրա վիճակն ավելի է վատացել, նա կոմայի մեջ է ընկել:  Տեղ հասած բժիշկները նրա մահն են արձանագրել: Պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը, որի կլինիկայում մահացել է փիառի մասնագետը, հայտնել է, որ մահվան պատճառը դարձել է նիհարելու դեղերի չափազանց մեծ չափաբաժինը:



© NEWS.am STYLE