Միգուցե հիմարություն թվա ասածս, բայց վստահ եմ` երաժշտությունս հավերժ է ապրելու. Այսօր ծնվել է Բոբ Մառլին

16:13   6 փետրվարի, 2016

71 տարի առաջ այս օրը` փետրվարի 6-ին, ծնվել է ճամայկացի երաժիշտ եւ կոմպոզիտոր Բոբ Մառլին` Ռոբերտ Նեստա Մառլի: Նա մինչ օրս համարվում է ռեգգի ժանրի ամենահայտնի կատարողը: Հենց Բոբի շնորհիվ ռեգգին մեծ ճանաչում ձեռք բերեց եւ լայն տարածում գտավ Ճամայկայում եւ դրա սահմաններից դուրս:

Բոբ Մառլին ռաստա կոչվող կրոնական շարժման հետեւորդ էր: Շատերը նրան առաջնորդ էին համարում: Հենց իր հավատքի շնորհիվ էլ Բոբը հրաժարվեց ոտքի բութ մատի ամպուտացիայից, երբ նրա մոտ հայտնաբերեցին մելանոմա:

«Ռաստան դեմ է մարմնի որեւէ հատվածի հատմանը: Ես թույլ չեմ տա, որ ինձ մասնատեն»,-ասում էր նա:

Բոբը երկար էր բուժվում հիվանդությունից, սակայն 1981 թ-ին նա մահացավ հիվանդանոցում: Նրա վերջին խոսքերն էին. «Փողը չի կարող գնել կյանք»:

Դիտարկենք աշխարհահռչակ ռեգգի երաժիշտի խոսքերից եւս մի քանիսը.

«Բոլորն էլ փորձելու են քեզ նեղացնել: Պետք է, պարզապես, առանձնացնես այն մարդկանց, որոնցից իրոք արժե նեղանալ»:

«Երաժշտությունը մի շատ լավ գիծ ունի. Երբ այն քեզ հարվածում է, դու ցավ չես զգում»:

«Այսօրվա լավ պահերը վաղվա տխուր հիշողություններն են»:

«Մի շահիր աշխարհը կորցնելով հոգիդ: Իմաստությունն ավելի արժեքավոր է, քան ոսկին կամ արծաթը»:

«Երբ ամեն օր վիճում ես եւ կռվում, նման կերպ աղոթում ես սատանային»:

«Աստված է ինձ ուղարկել երկիր, որպեսզի ես մի բան անեմ: Ոչ-ոք չի կարող ինձ կանգնեցնել: Եթե Աստված ցանկանա, որ կանգ առնեմ, ուրեմն այդպես էլ կանեմ: Բայց մարդիկ երբեք դա չեն կարող ստիպել»:

«Դու կարող ես զվարճացնել մարդկանց, որոնք բավարարված են կյանքից: Սոված կամ վախեցած մարդիկ ոչ մի կերպ չեն կարող զվարճանալ: Դու չես կարող ուրախություն պատճառել մեկին, որը սոված է»:

«Չգիտեմ` ինչպես լավ ապրել, բայց լավ գիտեմ` ինչպես տառապել»:

«Երեխաներին պետք է ճշմարտությունը պատմել»:

«Իմ երաժշտությունը հավերժ է ապրելու: Միգուցե հիմարություն թվա ասածս, բայց երբ մի բանում վստահ եմ, ասում եմ այդպես: Երաժշտությունս հավերժ է ապրելու…»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE