Ի՞նչ անակնկալ է մատուցել Անահիտ Կիրակոսյանը ամուսնուն` իրենց ամուսնության 4-ամյակի առթիվ

14:33   6 փետրվարի, 2016

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը` Արտակ Սարգսյանը, այսօր նշում են իրենց ամուսնության 4-ամյակը: Այս առթիվ սիրված դերասանուհին ամուսնուն որոշել է անակնկալ մատուցել` նկարահանելով տեսահոլովակ նրա ամենասիրելի երգի հիման վրա:

Երգը, որը կոչվում է «Օգնիր քամի», հենց Անահիտի հեղինակային աշխատանքն է.

«Երգի բառերի եւ երաժշտության հեղինակը ես եմ: Գործիքավորումը կատարել են իմ շատ սիրելի Գիսանե Պալյանն ու Կարեն Արզումանյանը: Տեսահոլովակի ռեժիսորը շատ տաղանդավոր Ինա Աբրահամյանն է, որի ձեռագիրը շատ եմ հավանում, իսկ օպերատորը Չալդրանյանի արվեստանոցի սան Դանիելն է»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին` հավելելով, որ իր հեղինակած այս երգը ամուսնու համար ամենասիրվածն է.

«Ուր գնում էինք ինչ-որ առիթի կամ հավաքույթի, ամուինս խնդրում էր, որ այս երգը կատարեի, ես էլ փորձեցի երգը մեր ամուսնության 4-ամյակի առթիվ տեսահոլովակի տեսքով նվիրել նրան»,-ասում է Անահիտը, որը անցած տարի էլ էր ամուսնուն անակնկալ մատուցել «Երբ» կոչվող երգի եւ տեսահոլովակի տեսքով.

«Կարծես ավանդույթ դարձած լինի. Մեր ամուսնության 3-ամյակին էլ այսկերպ շնորավորեցի ամուսնուս: Նախորդ երգս նվիրված էր հենց նրան, իսկ «Օգնիր քամի»-ն նրա ամենասիրած  երգն է»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE