Իրական դրամայից մինչեւ էկրանային կատակերգություն. Էշթոն Քաթչերը նշում է ծննդյան տարեդարձը

12:08   7 փետրվարի, 2016

Այսօր իր ծննդյան 38-ամյակն է նշում հոլիվուդյան սիրված դերասան Էշթոն Քաթչերը: Ի դեպ, ասում են, որ դերասանի ազգանունը սխալ է արտասանվում: Իրականում այն հնչում է այսպես` «Քութչեր»:

Ամեն դեպքում, մենք արդեն սովորել ենք Էշթոնին անվանել Քաթչեր, այնպես որ` հենց այդպես էլ շարունակենք անվանել դերասանին մեր անդրադարձի մեջ:

Ինչեւէ, սիրված դերասանը, որի դերերը հիմնականում կատակերգական են, իրական կյանքում բազմիցս հայտնվել է դրամաների կիզակետում:

Դերասանը խոստովանել է, որ նույնիսկ ինքնասպանության փորձեր է կատարել: 13 տարեկան հասակում նա ցանկացել է նետվել բարձրահարկ շենքից, սակայն, բարեբախտաբար, նրա հայրը ժամանակին հասել է օգնության:

Ավելի մեծ տարիքում Էշթոնը փորձել է թալանել սեփական դպրոցը, սակայն ապագա աստղին հենց տեղում ձերբակալել են:

Մի առիթով դերասանն ասել է.

«Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ես կյանքի մասին ամեն ինչ գիտեմ, բայց անգամ պատկերացում չունեի, թե ինչ է ինձ սպասվում ապագայում»:

Իսկ ապագայում  Քաթչերին սպասում էին Հոլիվուդն ու երկրպագուների մեծ բանակը:

Էշթոնը ոչ միայն դարձավ Հոլիվուդի ամենասիրված դերասաններից մեկը, այլեւ սկսեց գլխավորել ամենացանկալի փեսացուների ցուցակն ու միանգամից գրավեց Հոլիվուդի ամենահմայիչ դերասանուհիներից մի քանիսին: Նրանց թվում են Բրիտանի Մյորֆին եւ Դեմի Մուրը: Իսկ այսօր դերասանն ամուսնացած է գեղեցկուհի Միլա Կունիսի հետ: 2014 թ-ին ծնվեց նրանց դուստրը` Վայաթ Իզաբելը:

Դերասանի ծննդյան առթիվ առաջարկում ենք այսօր դիտել նրա ֆիլմերից որեւիցե մեկը: Ձեզ օգնելու համար առանձնացրել ենք դրանցից հինգը.

«Մարդասպանները»/Killers

«Կնամոլը»/Spread

«Մի անգամ Վեգասում»/What Happens in Vegas

«Գուշակիր` ով է»/Guess Who

«Ջոբս»/Jobs

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE