Արման Նշանյանը` «Վրիժառուի օրագիրը» հոլիվուդյան ֆիլմում նկարահանվելու եւ Հոլիվուդում կայացած պրեմիերայի մասին

12:20   10 փետրվարի, 2016

Փետրվարի 4-ին Հոլիվուդում կայացավ «Վրիժառուի օրագիրը»/Vigilante Diaries ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերով հանդես է գալիս նաեւ սիրված հայ դերասան Արման Նշանյանը: Պրեմիերային Արմանը ներկա էր իր գեղեցկուհի մայրիկի` ճանաչված դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ: Այս մասին տեղեկացանք, երբ դերասանների լուսանկարները տեսանք ամերիկյան հայտնի gettyimages.com կայքում:

NEWS.am STYLE-ը զրուցել է Արման Նշանյանի հետ իր կերպարի, ֆիլմի նկարահանումների եւ պրեմիերայից ստացած տպավորությունների մասին.

-Արման, ինչպե՞ս ստացաք «Վրիժառուի օրագիրը» ֆիլմում  նկարահանվելու առաջարկ:

-Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ասկո Ակոփյանն է` հոլիվուդյան շուկայում իմ մենեջերը: Նա կազմակերպեց իմ հանդիպումը բեմադրիչի եւ մյուս պրոդյուսերների հետ: Մի քանի փորձից հետո ստացա նկարհանվելու առաջարկ:

-Ո՞ւմ եք մարմնավորում ֆիլմում: Մի փոքր խոսեք Ձեր կերպարի մասին:

-Կերպարիս անունը Անդրեաս է: Նա ֆիլմի գլխավոր բացասական կերպարն է` հայ խոշոր գործարար, ում եղբորը սպանում է ֆիլմի մյուս կերպրը (The Vigilante): Անդրեասը վրեժ է լուծում նրանից. Գողանում  է նրան, ընտանիքին եւ փախնում է Հայաստան, իսկ նրա ընկերները գալիս են նրա հետեւից` ազատելու: Ֆիլմի այդ հատվածները նկարահանել ենք ամռանը` Հայաստանում:

-Ինչպե՞ս անցան ֆիլմի նկարահանումները:

-Շատ հետաքրքիր տարի էր: Հաճելի էր աշխատել հոլիվուդյան մեծանուն դերասանների եւ նկարահանող խմբի հետ: Ինձ համար ամենահաճելի պահերը Հայաստանում նկարահանված այդ 12 օրերն էին: Նկարահանող մեծ խումբ էր եկել Երեւան եւ այստեղ նկարահանվել է ամբողջ ֆիլմի մոտ 30%-ը: Հայաստանում նրանց աջակցում էին հայ մասնագետները եւ նրանք շատ գոհ էին մնացել: Հաստատ էլի կգան Հայաստան նկարահանումների: Ֆիլմում Հայաստանի կադրերը հիասքանչ էին:

-Կիսվեք պրեմիերայից ստացած տպավորություններով:

-Ֆիլմի պրեմիերան շատ հաճելի իրադարձություն էր, որն անց էր կացվում հոլիվուդյան պրեմիերաների արարողակարգով: Որքան էլ, որ ասեմ, թե ինձ համար ամենակարեւորն աշխատանքային պրոցեսն է, միեւնույն է, մեծ հաճույք ես ստանում, երբ քո կատարած աշխատանքը տեսնում ես էկրաններին:

Հայտնի դերասաններ Ջիլիան Ուոթերսը, Մայքլ Ջեյ Ուայթը, պրոդյուսեր-դերասան Քվենթին Ռեմփեյջ Ջեքսոնը եւ Արման Նշանյանը

Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը կախված է պրոդյուսերներից: Բայց հուսով եմ` անպայման կլինի պրեմիերա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Արման Նշանյանը



© NEWS.am STYLE