ArmMod Fashion նախագծի մեկնարկն ու հայտնի հյուրերը

10:25   11 փետրվարի, 2016

Վերջերս, բավականին, գովելի եւ ուրախացնող տենդենց է նկատվում, երբ տարատեսակ միջոցառումների ժամանակ հյուրերը ներկայանում են հայ դիզայներների հագուստներով: Այս մասին երեկ` փետրվարի 10-ին, կայացած ասուլիսի ժամանակ ոգեւորությամբ փաստեցին ArmMod Fashion նախագծի հեղինակներն ու  աջակիցները` Ռուբինա Գրիգորյանը, Ստելլա Ակլյանը, Քրիստինա Սարգսյանն ու Մկրտիչ Այվազյանը:

ArmMod Fashion նախագծի շրջանակներում ամիսը մեկ անգամ կկազմակերպվեն ցուցադրություներ, որոնց հնարավորություն կունենան մասնակցելու բուհերն ավարտած դիզայներներն ու անհատ ստեղծագործողները:

«Մեր նախագծի նպատակն է օգնել երիտասարդ հայ դիզայներների կայացմանը: Համապատասխան բուհերն ավարտելուց հետո ոչ բոլոր դիզայներներին է հաջողվում ճանաչման հասնել: Մենք միտում ունենք զարգացնելու հայկական բրենդը: Ցանկանում ենք ստեղծել կարծիք, որ հայկական հագուստն ավելի նորաձեւ է»,-ասում է նախագծի հեղինակ եւ ղեկավար Ռուբինա Գրիգորյանը:

Նախագծի կարեուորությունն ընդգծեց նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը.

«Ողջունում եմ այս նախագիծը: Մեր ակադեմիան արդեն 20 տարի է, ինչ շրջանավարտներ է տալիս այս ոլորտին: Այժմ մեր շրջանավարտների հաջողությունները հնարավորություն ունենք ամփոփելու ցուցադրություններով: Բոլոր միջոցներով պատրաստ ենք աջակցել այս նախագծին»:

Ասուլիսից հետո կազմակերպիչները դիմավորեցին ոլորտում արդեն իսկ կայացած եւ սիրված հյուրերին` Արամ Նիկոլյանին, Արփինե Կոշտոյանին, Գայանե Մարտիրոսյանին, Արմինե Մարտիրոսյանին, Իրինա Թովմասյանին, Սոնե Սիլվերին, Վրեժ Կիրակոսյանին եւ մի շարք այլ հայտնի դիզայներների եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի նախագծեր կան, որտեղ ընդգրկված են եւ նոր, եւ արդեն փորձ ունեցող դիզայներներ: Այսպիսի նախագծերը բերում են նորաձեւության ոլորտի զարգացմանը մեր երկրում»,-մեզ հետ զրույցում նշեց դիզայներ Արմինե Մարտիրոսյանը:

Արամ Նիկոլյանը եւս ողջունում է նախագիծն ու դրա նպատակը.

«Լավ է, որ կա կազմակերպություն, որը փորձում է օգնել նոր դիզայներներին: Երբ նոր սերնդի կողքին կանգնած լինեն նրանց աջակցող մարդիկ, մեզ մոտ այս ոլորտն ավելի կզարգանա: Ես էլ որպես ոլորտի մասնագետ` պատրաստ եմ լինել սկսնակների կողքին եւ աջակցել ցանկացած հարցում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դիզայները:

ArmMod Fashion նախագծի կազմակերպիչները վստահեցնում են` այն չի կրում կոմերցիոն բնույթ եւ գաղափարին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հայկական նորաձեւության եւ բրենդի զարգացման հարցում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE