Ադելը՝ Vogue-ի մարտյան համարի շապիկին

13:10   13 փետրվարի, 2016

27-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը զարդարելու է Vogue ամսագրի մարտյան համարի շապիկը: Երգչուհուն լուսանկարել է ամերիկացի հանրահայտ լուսանկարիչ Էննի Լեյբովիզը: Ադելը ներկայացել է Burberry, Dior, Alexander McQueen եւ Gucci ապրանքանիշների հանդերձանքով ու Dior Fine Jewelry ականջօղներով:

Ամսագրին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, թե ինչ է մտածում մայրության ու իր տարիքի մասին:

«Ես պարզապես ցնցված էի, երբ դարձա 25 տարեկան: Բայց հիմա ես ինքս ինձ նույնիսկ ավելի շատ եմ սիրում, քան երբեւէ: Ինձ հարմարավետ եմ զգում իմ սեփական մարմնում: Ինձ շատ դուր է գալիս, թե ես ինչ տեսք ունեմ: Դուր է գալիս, թե ես ով եմ: Ու այն ամենը, ինչ հիմա շրջապատում է ինձ»։

Մայրությունը հրաշալի ժամանակաշրջան է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Ադելը շատ ջերմ է արտահայտվում այդ ժամանակաշրջանի մասին:

«Ես ձգտում եմ չմտահոգվել ու գլուխս աղբով չլցնել: Անջելոն ստիպում է, որ ես հպարտանամ ինքս ինձնով: Երբ ես մայր դարձա, զգացի, որ իսկապես ապրում եմ: Իմ կյանքում հայտնվեց նպատակ, որը նախկինում չկար: Ինձ համար գլխավորը մայր լինելն է, ու դա էլ է աշխատանք: Ես կարծում եմ, որ ես պետք է ինչ-որ ընդմիջում վերցնեի, որպեսզի մարդիկ հասցնեին կարոտել ինձ»:



© NEWS.am STYLE