Աստղային հիթ շքերթ. Ո՞ր հերոսին է Աստղիկ Սաֆարյանը համարում երանելի տղամարդու կերպար եւ ո՞ր ֆիլմն է վախեցրել երգչուհուն

15:34   13 փետրվարի, 2016

Պարզվում է` երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, իսկական, կինոման է: Աստղիկը դեռ 10 տարեկանից դիտել է այնպիսի ֆիլմեր, որոնք բնույթով բարդ են եղել եւ խորիմաստ:

«Պետք է խոստովանեմ, որ այդ ֆիլմերն իմ ինքնադաստիարակության հարցում շատ մեծ դեր են խաղացել, քանի որ դրանք ուսուցողական են եղել: Բաղմաթիվ ֆիլմեր եմ դիտել` տարբեր ժանրերի մեջ: Դժվար է ընդամենը հինգը առանձնացնելը»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին, որին, այնուամենայնիվ, հաջողվեց կողմնորոշվել եւ թվարկել իր ամենասիրելի հինգ ֆիլմերը: Ահա դրանք.

«Պալատականը»/The Butler

«Այս ֆիլմը ներկայացնում է մի սեւամորթ ծառայողի հոգեվիճակը` թե ինչպես է նա հասարակ «կոշիկ մաքրողից» դառնում Սպիտակ տան գլխավոր պալատականը: Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպիսի մեծ աշխարհ կա այդ ծառայողական բնագավառում, որտեղ նա հասնում է իր «կարիերայի գագաթնակետին»: Նա իր ամբողջ կյանքում ծառայում է Սպիտակ տանը` ի վերջո հասնելով նրան, որ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ նրան հրավիրում է իր մոտ ճաշելու` որպես հյուր, այլ ոչ թե սպասավոր: Ըստ իս` հիանալի ֆիլմ է, որից շատ բան կարելի է սովորել»:

«Տրոյա»/Troy

«Պատմական ֆիլմերի շաքում սա, կարելի է ասել, ինձ համար ամենատպավորիչն է: Ֆիլմում տեսնում ես հզոր պայքար, պատմական արժեքներ, պատերազմ, իսկական տղամարդկային կերպարներ, սեր, պաշտպանություն, հաղթանակ եւ, իհարկե, Աքիլեսին, որն ինձ համար շատ ուժեղ, վճռական, արդար եւ հաղթող տղամարդու կերպար է: Ըստ իս Բրեդ Փիթին շատ ճիշտ են ընտրել այս երանելի տղամարդու կերպարը մարմնավորելու համար: Նա կարողացավ այս կերպարը դարձնել շատ տպավորիչ»:

«Սապատավոր լեռը»/Brokeback Mountain

«Կարծում եմ` շատ խորը ֆիլմ է` մարդկանց հոգեւոր կապի մասին: Այստեղ տեսնում ես երկու հոգու, որոնք գտել են միմյանց անմարդաբնակ սարերում: Բոլորի համար այդ դատարկ թվացող սարերը դարձան նրանց երջանկության աշխարհը: Անկախ նրանից, թե կյանքն ինչ ճանապարհով էր տանում նրանց, նրանք հոգով հավատում էին միմյանց: Բայց քանի որ հասարակությունը քարկոծում էր նրանց կապը, նրանք ստիպված էին դա գաղտնի պահել: Նրանք միմյանց հանդիպում էին միայն իրենց «աշխարհում»: Ջեք Ջիլենհոլն ու Հեթ Լեջերը բարձրակարգ դերասաններ են եւ հրաշալի կերպով կարողացել են կերտել այդ կերպարները, որոնց միջոցով անմիջապես փոխանցում են այդ ազնիվ զգացմունքն ու պարգեւում հուզմունք»:

«Ժամանակ»/In Time

«Համոզված եմ` նա, ով դիտել է այս ֆիլմը, միանշանակ, սկսել է գնահատել իր ժամանակը: Երբ օդեղենը վերածվում է նյութականի, միայն այդժամ ես հասկանում, թե ինչքան թանկ արժե մեր ժամանակը եւ որքան սխալ ենք երբեմն մենք այն օգտաործում: Ջասթին Թիմբերլեյքը, չլինելով դերասան, կարողացել է իր խաղով հեռուստադիտողին լարված պահել եւ փոխանցել ֆիլմի գլխավոր խորհուրդը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է նրա բազմատաղանդ լինելը»:

«Գերազանցում»/Transcendence

«Իսկապես, տպավորվել եմ այս ֆիլմից: Ֆիլմի հերոսը, որին մարմնավորում է Ջոնի Դեփը, ինքն իր կյանքը զոհաբերելով` ստեղծում է ապագայի մի նոր գիտություն, որը կարող է լուծել ցանկացած հարց: Ֆիլմը դիտելիս, անկեղծ ասած, մի փոքր վախեցա մեր ապագայի համար: Այն դիտելիս հասկանում ես, որ ապագայում նորանոր տեխնոլոգիաները կարող են բերել նրան, որ ստանաս բոլոր խնդիրներիդ լուծումները` առանց բժիշկի միջամտության բուժվես, նույնիսկ, դառնաս անմահ: Հասկանում ես, որ մերօրյա տեխնոլոգիաները որքան էլ, որ օգտակար են երեւում, իրականում, մեզ տանում են անզգայացման: Կարծում եմ` ֆիլմն ակնարկում է, որ մի կողմից` լավ է, որ կան գյուտեր, բայց մյուս կողմից էլ` այդ նույն գիտության սխալ օգտագործումը կարող է կործանիչ լինել մարդկանց համար»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը` Աստղիկ Սաֆարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE