Մեկից ստացա ապտակ, մյուսից` դրական պատասխան. Անդրեն` իր առաջին սիրո եւ տարօրինակ խոստովանության մասին

17:11   14 փետրվարի, 2016

Նրա երգերի ներքո շատերն են սիրահարվել, շատերը միմյանց սեր են խոստովանել, ոմանք էլ` հուզվել եւ երազել այնտեղ երգվող սիրո մասին: Իսկ ի՞նչ է կատարվում նրա` երգչի հոգում: ինչպիսի՞ն է եղել նրա առաջին սերը, խենթ սիրո խոստովանությունն ու մեծ հիասթափությունը:

Այս ամենի մասին Անդրեն բացառիկ զրույց է ունեցել NEWS.am STYLE-ի հետ:

«5-6 տարեկան էի: Նա իմ խմբակից էր` սպիտակամաշկ, կապուտաչյա գեղեցկուհի: Անունը, եթե չեմ սխալվում, Բելլա էր: Շատ էր նման Սպիտակաձյունիկին, եւ հենց դրանով էլ ինձ գրավեց: Այդ տարիներին աղջիկների մեծամասնությունը բացիկներ եւ արտասահմանյան օծանելիքի բույրով օճառներ էին հավաքում: Ես էլ մեր տան բոլոր բացիկներն ու օճառները հերթով տարել եւ նվիրել եմ իմ սիրելիին: Քանի որ տատիկս ուսուցչուհի էր, նա բազում բացիկներ ուներ: Մեկ օրում այդ ամենն անհետացավ:) Հետաքրքիր է, բայց 5 տարեկանում առանց վախի նման քայլի գնացի»,-ասում է երգիչը, որն այս քայլի համար խիստ ծնողների կողմից պատժի է արժանացել:

Նրա առաջին սիրո խոստովանությունն էլ, բավականին, տարօրինակ է եղել.

«4-րդ դասարան էի, եւ քանի որ շատ ակտիվ պիոներ էի, ունեի իմ թիմը, որոնց հետ միասին օգնում էինք մեծահասակ մարդկանց: Ինձ նրանց հասցեներն էին տալիս եւ մենք նրանց համար գնում էինք դեղորայք, պետական պարագաներ եւ սնունդ: Իսկ իմ խմբում ես ընդգրկում էի մեր դասարանի միայն ամենագեղեցիկ աղջիկներին, որոնք իմ դուրը գալիս էին: Օրերից մի օր ես առաջարկություն արեցի իմ հավանած աղջիկներից միանգամից 2-ին: Մեկից ստացա ապտակ, մյուսից` դրական պատասխան»:)

Սա, իհարկե, մանկական գեղեցիկ սիրո մաասին, իսկ հասուն սերը երբեմն ավելի ցավոտ է լինում, քան դպրոցական տարիներին ստացած ապտակը.

«Առաջին եւ վերջին հիասթափությունս եղել է այն, երբ ընտրյալիս հետ հերթական տարաձայնությունից հետո փորձեցի վերականգնել մեր հարաբերությունները, բայց տեղեկացա, որ նա շատ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել էր նշանվել մեկ այլ երիտասարդի հետ: Այդպիսով, հետ կանգնեցի ցանկությունիցս եւ սպանեցի այդ սերն իմ սրտում»:

Ըստ երգչի` ինքն ավելի շուտ սիրահարվող անձնավորություն է.

«Կարծում եմ` սեր դեռ չեմ վերապրել` միայն իմ երգերում: Դրանց միջոցով եմ պատմում եւ զգում այդ մեծ եւ իրական սերը, որը նաեւ հասնում է իմ լսարանին: Ինձ ժողովուրդն է հենց կոչել «Սիրո երգիչ», ինչի համար անչափ զգացված եմ»:

Շատերի համար Անդրեն է անհասանելի, սակայն պարզվում է` եղել են դեպքեր, երբ սերն Անդրեի համար է եղել անհասանելի.

«Կարծում եմ` բոլորիս կյանքում էլ եղել է նման սեր, երբ քո մտքերն ամբողջությամբ նրա մասին են, իսկ նա քեզ, նույնիսկ, չի ճանաչում…Միգուցե, ես էլ եմ այդպիսի մի սեր բազում սրտերի համար…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE