Չորս երեւույթ, որոնք փչացնում են սեռական ցանկությունը

23:18   14 մարտի, 2016

ՍԹՐԵՍԸ

Հանգստություն, միայն հանգստություն: Սթրեսային իրավիճակների մեծ քանակությունը  (ճանապարհային խցանումներից ու վերադասի մոտ խորհրդակցության վախից մինչեւ մանկական տարիքից եկողները) նվազեցնում է տեստոստերոնի արտադրությունը` հորմոնի, որից ուղղակիորեն կախված է սեռական ցանկությունը: Բացի այդ, սթրեսն ուղեկցվում է ադրենալինի արտազատմամբ, ինչը մեզ ուժասպառ է անում` հուզականորեն եւ ֆիզիկապես, հոգնածության զգացում է առաջացնում:  Արդյունքում անկողնում մենք մի բան ենք ուզում` քնել: Ուղղակի քնել:

Սթրեսի դեմ լավագույն հակաթույնը սեքսն է: «Որքան ավելի հաճախ ենք սիրով զբաղվում, այնքան մեր օրգանիզմում շատանում են էնդորֆիններն ու օքսիտոցինը` նյութեր, որոնք կապված են հաճույքի եւ բարեկեցության զգացման հետ, որոնք թեթեւացնում են սթրեսը», — բացատրում է բժիշկ Ջեյմս Կոհենը Վիրջինիայի համալսարանից: 

ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Կոլումբիայի համալսարանի դոկտոր Ռուտ Կ. Վեստհայմերի խոսքով`  «Ցածր ինքնագնահատականը եւ սեփական արտաքինի բացասական ընկալումն ազդում են սիրային ախորժակի վրա. Ձեզ թվում է, թե չեք կարող զուգընկերոջը սեռական առումով գրավել, ենթագիտակցական մակարդակում դա նվազեցնում է ձեր հետաքրքրությունն այդ գործընթացին: Տղամարդիկ զգում են դա եւ իրոք մեկուսանում են»: Արատավոր շրջանակը փակվում է: Մարմնի արատների վրա կենտրոնանալով (ցելյուլիտից մինչեւ քթի սապատը), դուք չեք կարողանում թուլանալ եւ ամբողջությամբ տրվել ցանկությանը, մտածում եք սոսկ այն մասին, թե զուգընկերը կնկատի արդյոք «բնության թերացումները»: Կանգնեք: Հավատացեք, սեռական ախորժակները կատարյալ մարմնի հետ ոչ մի ընդհանրություն չունեն: Վերջապես սիրեք ձեզ, եւ ցանկացած տղամարդ կկարողանա անկողնում փոխադարձել ձեր սերը: 

ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Գուշակի մոտ մի գնա» կետը: Ընտանեկան հոգեբան Նոուլզ Դենիզի խոսքով` «Զույգի կյանքում սկանդալներն ու վեճերը ոչ միայն հարաբերություններում ժամանակավոր լարվածություն են ստեղծում, այլեւ չարության զգացում են ծնում, որովհետեւ  հաճախ  կազմված են լինում ընդդիմախոսի նկատմամբ անվերջ հավակնություններից: Իսկ ո՞վ կուզի սեքսով զբաղվել մարդու հետ, որը բոլորին մեղադրում է իր խնդիրների համար»: Փրկելու համար ոչ միայն ձեր միությունը, այլեւ լիբիդոն, պիտի անկեղծ խոսեք, պարզեք, թե ինչն է խանգարում ներդաշնակ հարաբերություններին, փոխզիջում գտնեք եւ գուցե դիմեք ընտանեկան մասնագետի: Այդ զրույցի մեջ ազնիվ եւ օբյեկտիվ եղեք:  

ՔՆԻ ՊԱԿԱՍԸ

Լոնգ Բիչում Քալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռոբերտ Թայերի խոսքով `«Սեռական ցանկության վրա ազդող հիմնական խնդիրներից մեկն անքնությունն է: Քնի պակասի հետեւանք հանդիսացող սթրեսը մեզ անզգա է դարձնում այնպիսի հաճելի գրգռիչների հանդեպ, ինչպիսիք փաղաքշանքներն են»: Բացի այդ, քնի պակասը նվազեցնում է օրգանիզմում տեստոստերոնի ցանկալի մակարդակը եւ մեծացնում է կորտիզոլի` տագնապի հորմոնի արտազատումը: Սեփական մասնակցությամբ էրոտիկ տեսարանները վայելելու համար կարեւոր է կարգավորել քնի եւ արթուն մնալու ժամերը եւ երբեմն անջատել զարթուցիչն ու բջջային հեռախոսները: 

 

Աղբյուրը` Elle.ru



© NEWS.am STYLE