18-ամյա մատուցողուհուն որպես ավարտական նվեր 1000 դոլար թեյավճար են թողել

12:28   18 ապրիլի, 2016

Ինչպիսի առատաձեռնություն...

Տեխասից 18-ամյա Ալիշա Փալմերը դպրոցն ավարտելուց մեկ ամիս առաջ հիանալի ավարտական նվեր է ստացել անծանոթ հաճախորդից։

Ալիշան, որը համալսարան ընդունվելու համար աշխատում է որպես մատուցողուհի տեղի իտալական ռեստորաններից մեկում, օրեր առաջ որպես թեյավճար 1000 դոլար է ստացել։ Աղջիկը շաբաթական 30 ժամ աշխատում է, որպեսզի կարողանա ընդունվել բիզնես քոլեջ, ստանա համապատասխան կրթություն եւ աստիճան, ինչից հետո կարողանա սեփական հրուշակաեղենի խանութը բացել։

Ապրիլի 9-ին Փալմերը երկու սեղան էր սպասարկում, եւ մինչ նա իրենց մշտական հաճախորդներից մեկին պատմում էր ապագա ծրագրերի մասին, մյուս սեղանի այցելուն մոտեցել է դրամարկղին՝ իր պատվերի դիմաց վճարելու։ Անծանոթը մի քանի վայրկյան ռեստորանի սեփականատիրոջ հետ զրուցելուց հետո հեռացել է։

Աղջիկը, մտածելով, որ տղամարդը բողոքել է իր վատ սպասարկումից, հարցրել է՝ միգուցե դժգոհություններ կան։ Եվ հենց այդ վայրկյանին աղջիկն իմացել է իր մեծ եւ անչափ հաճելի անակնկալի մասին.

«Նա ցույց տվեց կտրոնը։ Ես աչքերս լայն բացած կանգնել եմ։ Սկսեցի լաց լինել հենց ռեստորանի մեջտեղում»,- հիշում է երջանիկ Ալիշան։

Մի քանի օր անց աղջիկը ստացել է 1000դոլարը, որը ռեստորանի գործունեության ընթացքում ամենաշատն է եղել։  

Ի դեպ, անծանոթը նախընտրել է անհայտ մնալ եւ այդ պատճառով աղջիկը փորձում է պարբերականների միջոցով արտահայտել իր երախտագիտությունը։

 

Աղբյուրը՝ Daily mail

Պատրաստեց՝ Յանա   



© NEWS.am STYLE