Ումա Թուրման. «Սպանել Բիլլին» ֆիլմի աստղը նշում է ծննդյան 46-ամյակը

14:15   29 ապրիլի, 2016

«Քրեական ընթերցում», «Սպանել Բիլլին», «Բեթմենն ու Ռոբինը», «Իմ լավագույն սիրեկանը» եւ մի շարք այլ ֆիլմերից հայտնի դերասանուհի Ումա Թուրմանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Ամերիկացի դերասանուհին դառնում է 46 տարեկան:

Ումա Թուրմանը Հոլիվուդի ամենաբազմաժանր դերասանուհիներից է: Նրան տեսել ենք թե՛ կատակերգություններում, թե՛ դրամաներում, թե՛ գիտաֆանտաստիկ ժանրի ֆիլմերում:

Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցում» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը հմայիչ Ջոն Տրավոլտան է: Այս ֆիլմում նկարահանվելու համար Թուրմանն առաջադրվել է «Օսկարի», BAFTA-ի եւ «Ոսկե Գլոբուսի»: Տարանտինոն, կարծես թե, դարձավ դերասանուհու հաջողության գրավականը: «Սպանել Բիլլին» ֆանտաստիկ ֆիլմի գլխավոր դերում աշխարհահռչակ ռեժիսորը կրկին տեսնում է Ումային: Այս դերն, իսկական, այցեքարտ է դառնում դերասանուհու համար` արժանացնելով նրան երկու «Ոսկե Գլոբուսի»:

1990  թ-ին` «State of Grace» ֆիլմի նկարահանման հրապարակում, Ումա Թուրմանը հանդիպում է դերասան Գերի Օլդմենին: Նրանց միջեւ ծագում է սիրավեպ: Նրանք ամուսնանում են, սակայն այդ միությունը տեւում է, ընդամենը, երկու տարի:

Շատերի համար կասկածելի էր նաեւ Ումա Թուրմանի եւ Քվենտին Տարանտինոյի մտերմությունը: Մամուլում շշուկներ տարածվեցին հոլիվուդյան դերասանուհու եւ հայտնի ռեժիսորի հնարավոր սիրավեպի մասին: Հարցազրույցներից մեկի ժամանակ Տարանտինոն նշել է. «Չեմ ասում, թե մեր մեջ ինչ-որ բան կա, բայց չեմ էլ հերքում, թե չկա»:

Այս խոսակցությունները նոր շունչ ստացան, երբ 2014 թ-ին ռեժիսորն ու իր մուսան միասին հայտնվեցին  Կաննի կինոփառատոնին:

Թե որքանով են այս շշուկները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է` Ումա Թուրմանը շարունակում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում` գրանցելով նորանոր հաջողություններ եւ ուրախացնելով ամբողջ աշխարհի իր հազարավոր երկրպագուներին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE