Երգչուհի Իրինա Հարությունյանը` «Վերջին հայրիկը» սերիալում նկարահանվելու եւ իր հերոսուհու մասին

15:14   29 ապրիլի, 2016

Արդեն մեկ շաբաթ է, ինչ երգչուհի Իրինա Հարությունյանն իրեն փորձում է նաեւ որպես դերասանուհի: Իրինան նկարահանվում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Իվետա անունով հերոսուհուն:

«Հեռուստասերիալում նկարահանվելու հրավերը մի քանի ամիս առաջ էի ստացել»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին` հավելելով, որ սերիալում նկարահավելն իր համար հետաքրքիր փորձոթյուն է.

«Հերոսուհիս ամբողջությամբ տարբերվում է ինձանից. Ոչ մի նմանություն չեմ տեսնում իմ եւ նրա միջեւ»,-ասում է երգչուհին, որն, իհարկե, դժվարություններ ունեցել է նկարահանման հրապարակում, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվել է.

«Նկարահանման առաջին օրն ինձ համար դժվար անցավ, բայց շուտ սովորեցի այդ ամենին: Մեծ դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ թիմում աշխատում են պրոֆեսիոնալ եւ իրենց գործին լավ տիրապետող մարդիկ»:

Իրինային այնքան է դուր եկել նկարահանման ընթացքը, որ երգչուհին կարծում է` այլ հրավերների դեպքում եւս սիրով կնկարահանվի ֆիլմերում, թեեւ խոստովանում է.

«Իհարկե նկարահանումները դժվար է համատեղել երաժշտական գործունեությանս հետ, սակայն չեմ դժգոհում: Ինձ աշխատանքն ուժ է տալիս` ստեղծագործելու եւ աճելու»,-ասում է Իրինան` ավելացնելով, որ արդեն պատրաստ է նաեւ իր նոր երգը.

«Հիմա նախապատրաստվում եմ տեսահոլովակիս նկարահանումներին: Այնպես որ` շուտով արդեն երաժշտական նորություններով էլ հանդես կգամ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Իրինա Հարությունյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE-ի



© NEWS.am STYLE