4-ամյա տղայի տարեդարձին ԲՈԼՈՐ հրավիրվածները հրաժարվել են գալ. մայրիկի հուզիչ գրառումը

13:21   2 մայիսի, 2016

Կիրակի ավստրալացի Թաենոնը պետք է նշեր ծննդյան 4-ամյակը։ Նա հրավիրել էր իր 12 ընկերներին, որոնց հետ մտադիր էր հաճելի ժամանակ անցկացնել Մելբուրնի սրճարաններից մեկում։ Բայց ծննդյան արարողությունից մեկ ժամ առաջ բոլոր երեխաների ծնողները հրաժարվել են ներկայանալ։ Հուսահատ մայրիկը որոշել է Facebook-ում՝ մայրիկների համար բացված խմբում, գրառում կատարել եւ պատմել իր հուսահատ վիճակի մասին։

«Ես անձայն լաց եմ լինում իմ սենյակում։ 12 երեխա հրավիրված էր որդուս ծննդյան տոնին եւ մեկ ժամ առաջ բոլորը կամ հրաժարվեցին գալ, կամ ընդհանրապես չեն պատասխանում իմ հաղորդագրություններին։ Իմ որդին 4 տարեկան է դառնում, եւ նա առաջին անգամ իսկապես կհասկանա իր ընկերների հետ ժամանակ անցկացնելու հաճույքը։ Սիրտս կտոր-կտոր է լինում։ Ի՞նչ կարող եմ անել։ Ես նրա համար սուպերհերոսի կերպարով մեծ տորթ եմ պատրաստել, բայց ոչ մեկը չի լինելու, որ նույնիսկ նրա համար «Ծնունդդ շնորհավոր» երգի»,- գրել հուսահատ մայրիկը։

Բայց մեկ ժամ անց տեղի է ունեցել հրաշքը։ Մայրիկի նամակը հուզել է խմբի անդամներին, որոնք չնայած ընդհանրապես ծանոթ չեն եղել ոչ Թաենոնին, ոչ էլ նրա ծնողներին, ներկա են եղել 4-ամյա տղայի ծննդյան տոնին եւ հարազատի նման, մեծ ուրախությամբ նշել են այն։ Փաստորեն, փոքրիկն իր 4-ամյակը նշեց ոչ թե 12 ծանոթ, այլ 30 անծանոթ մարդկանց շրջապատում։

Սոցցանցերի դրական կողմերին ավելացավ եւս մեկը։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ DailyMail

 



© NEWS.am STYLE